‘Ինչ եղավ Գալուստ Սահակյանի եւ Խոսրով Հարությունյանի հետ, երբ որոշեցին հիշել անցյալը. Տեսանյութ ‘

2125

Այսօր ԱԺ-ում ուշագրավ միջադեպեր տեղի ունեցան: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ ամբիոնից քննադատեց պետական գույքի մասնավորեցման գործընթացը: Սա ակնհայտորեն ջղայնացրեց իշխանություններին եւ հատկապես այս հարցում անձնական շահագրգռվածություն ունեցող Գալուստ Սահակյանին, որի որդին է ղեկավարում համապատասխան կոմիտեն, եւ նախկին ընդդիմադիր ու վարչապետ Խոսրով Հարությունյանին: Երկուսն էլ միաբերան հիշեցին «նախկին իշխանություններին» եւ այն ժամանակվա «վայրի սեփականաշնորհումները»:

Խոսրով Հարությունյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս ինքնամոռաց ընկել էր նախկինը քննադատելու էյֆորիայի գիրկը, Զուրաբյանը տեղից արձագանքել է նրան, որ եթե այն ժամանակ այդպես հանցավոր եղանակով են եղել մասնավորեցումները, «ինչու մենք չենք հարստացել, փոխարենը հարստացել ես դու»:  Հարցն ակնհայտորեն անակնկալի է բերել Հարությունյանին, եւ նա ասել է, թե «հեսա կպատասխանի» այդ հարցին: Բայց ինչպես եւ սպասվում էր, այդպես էլ որեւէ պատասխան չի հետեւել:

Ինչ վերաբերում է սեփական որդու պատվի համար ԱԺ ամբիոնի մոտ եկած Գալուստ Սահակյանին, ապա վերջինիս՝ նախկին իշխանություններին քննադատելու համար Զուրաբյանն արձագանքել է. «Ցանկանում եմ ԱԺ նախագահին հիշեցնել, որ այն թվերին, որոնք, իր կարծիքով, եղել են այդ հանցագործությունների, հանցավոր սեփականաշնորհման տարիներ, այդ տարիներին ինքը եղել է իշխող կոալիցիայի կարկառուն դեմքերից մեկը, եւ իր ամբողջ քննադատությունը, որը վերաբերում է այդ ժամանակաշրջանին, ընդունում եմ որպես ինքնաքննադատություն: Խորհուրդ կտայի նրան, որ երբ քննադատում է, մտածի, որ դա խփում է նաեւ իր վարկին»: 

Նախորդ հոդվածը‘Ալիևի բեղերի վրա պետական քարոզչություն կառուցողները’
Հաջորդ հոդվածը‘Եթե այն ժամանակ ստեղծվեր հանձնաժողովը, ապա շատ մեծ օգուտ կլիներ’