‘Ինչ են արել Պուտինն ու Սարգսյանը Գյումրիում’

1424

Այսօր պետական այցով Հայաստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: Երևան են ժամանել, մասնավորապես, ԱԳՆախարար Սերգեյ Լավրովը, կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, ԿԳՆախարար Դմիտրի Լիվանովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ֆիննախարար Անտոն Սիլուանովը, տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը, տրանսպորտի նախարար, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը, գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչևը, ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը, «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը, «ՎՏԲ» բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Ռեշյոտնիկովը, պաշտոնատար այլ անձինք:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում Պուտինի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, վերջինս եւ Պուտինը Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցել են «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը: Համաժողովի լիագումար նիստում Պուտինն ու Սարգսյանը հանդես են եկել ողջույնի խոսքով:

Մինչ այդ, նրանք այցելել են համաժողովի շրջանակներում բացված Հայաստանի մարզերը և Ռուսաստանի տարածաշրջանները ներկայացնող ցուցահանդես:

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռուստակամրջի միջոցով ուղիղ միացմամբ հետևել են «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը: ՋԷԿ-ը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:

Պուտինը եւ Սարգսյանը համաժողովի անցկացման վայրում մասնակցել են նաև Սոչիում կայանալիք XXII ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված նամականիշերի մարման արարողությանը: Թողարկված երկու նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձևը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևը:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ կդնեն երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցեն զոհերի հիշատակին, որից հետո կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի եկեղեցիների առաջնորդները դատապարտում են ուժի գործադրումը Մայդանում ‘
Հաջորդ հոդվածը‘Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանում գնացքները չեն կանգնում’