‘Ինչ են իրականում քննարկել Սարգսյանն ու Օլանդը ըստ ֆրանսիական կողմի ‘

1367

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը այս հանդիպման վերաբերյալ բավականին երկար մի հաղորդագրություն է ուղարկել, որտեղից պետք է որ տպավորություն ստեղծվի, որ Սարգսյանն ու Օլանդը երկար զրույց են ունեցել՝ կարեւոր հարցեր քննարկել՝ հավասարը հավասարի պես: Այնինչ, ի տարբերություն Սարգսյանի մամլո ծառայության հաղորդագրության, Ֆրանսիայի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունը շատ ավելի կարճ է եւ ժլատ: Ահա այն. 

«Ֆրանսիայի նախագահն այսօր Ելիսեյան պալատում աշխատանքային ճաշի ընթացքում ընդունել է իր հայաստանյան գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանին:

Նրանք քննարկել են երկկողմ համագործակցության առաջնահերթությունները, մասնավորապես, տնտեսական համագործակցությունը եւ Հայաստանի ու Եվրամիության միջեւ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարը: Նրանք նաեւ ներկայացրել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ թարմացված տեղեկատվություն:

Նրանք քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային միջազգային խնդիրներ, եւ մասնավորապես Սիրիայում եւ այդ տարածաշրջանում առկա ճգնաժամն ու դրա հետեւանքով Իրանում ստեղծված իրավիճակը:

Սերժ Սարգսյանը Փարիզում է գտնվում աշխատանքային այցով՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում Ստրասբուրգ մեկնելու նպատակով: Հայաստանը՝ 2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ է ստանձնում նախագահությունը»:  

Ի դեպ, Օլանդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկա այն մասին, թե ինչ է Ֆրանսիայի նախագահը պատասխանել պետական այցով Հայաստան ժամանելու Սերժ Սարգսյանի հրավերին: 

Նախորդ հոդվածը‘Սարգսյանն ու Օլանդը խոսել են ԵՄ-ից եւ ԼՂ հիմնախնդրից’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի զեկույց. Մոլորակի յուրաքանչյուր ութերորդ բնակիչը քրոնիկ քաղց է զգում’