‘Ինչ էր Զուրաբյանը հարցնելու Սարգսյանին’

1644

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է պատգամավորների հարցերին: Սարգսյանին հարց տալու համար հերթագրվել էին 27 պատգամավորներ, որոնցից իրենց հարցերը կարողացել են հնչեցնել միայն 15-ը: Հերթով 17-րդը հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր, որին, սակայն, հարց հնչեցնելու հերթ չի հասել: Ինչպես iLur.am-ի հետ զրույցում փոխանցեց Զուրաբյանը, ինքը Սարգսյանին պատրաստվում էր ուղղել հետեւյալ հարցը. «Պարոն Սարգսյան, որքանո՞վ են համատեղելի ԵԽԽՎ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաքելության կողմից Եվրոպայում ժողովրդավարությանը սատարելու վերաբերյալ հայտարարությունները՝ ընտրությունների կեղծման, քաղբանտարկյալների, հեռուստաընկերությունների գրաքննման, ակտիվիստների դեմ հանցավոր խմբերի հարձակումների, համընդհանուր կոռուպցիայի եւ մարտի մեկին խաղաղ ցուցարարների դեմ մահաբեր ուժ կիրառելու հետ: Այդ սպանությունները չեն բացահայտվել, այդ ամենը տեղի է ունենում ձեր ղեկավարությամբ, որքան էլ որ այն կասկածելի լեգիտիմություն ունի»:

Նշենք, որ հայաստանյան պատվիրակության անդամներից Սերժ Սարգսյանին հարց է ուղղել Ժառանագություն կուսակցության ներկայացուցիչ, պատվիրակության ոչ մշտական անդամ Զարուհի Փոստանջյանը: Վերջինս Սարգսյանին հարց տալու հնարավորություն  է ունեցել, քանի որ պատվիրակության մշտական անդամ, ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը զիջել է  նրան հարց հնչեցնելու իր իրավունքը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի համար ոստիկանապատել են ԵԽԽՎ շենքը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Կառավարության կառուցվածքը ոտնահարում է պատգամավորների իրավունքը. Տեսանյութ ‘