‘Ինչ է լինում, երբ Սերժիկը պիտի ձեր շենքում այցելի հարսի տուն (լուսանկարներ)’

11765

Այսօր տեղի է ունենալու գործարար Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ) փոքր որդու հարսանքիը: iLur.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, հարսանիքի քավորն է Սերժ Սարգսյանը, և քանի որ երկրի բոլոր պրոբլեմները վաղուց լուծված են, և Սերժ Սարգսյանը շատ ժամանակ ունի, նա հարսանիքին մասնակցում է սկզբից մինչև վերջ: Հրապարակվող լուսանկարներում նա եկել է հարսի տուն: Լուսանկարը ֆեյսբուքում հրապարակած օգտատերը նաև գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

Ինչ է լինում ,երբ Սերժիկը պիտի ձեր շենքում մասնակցի հարսանիքի…

Մոտ 20 օր առաջ մեր շենքի շրջակայքը, որը մի 10-15 տարի ասֆալտի երես չէր տեսել՝ սկսեցին ասֆալտապատել: Շատ զարմացանք. ախր ընտրություններ չկան մոտակա ժամանակներում (չնայած՝ դրանց ժամանակ էլ մեզ մոտ դա չեն արել):

Դրանից մի քանի օր անց սկսեցին մուտքը վերանորոգել և լուսամուտներին ապակիներ տեղադրել: Առաջին հարկը անցած տարի արել էին, բայց հիմա հարկ-հարկ բարձրացան վերև: Նորից զարմացանք…

Հետո մեր տուն եկավ համատիրության աշխատողն ու սպասարկման վարձ սկսեց ուզել. տեսնում եք՝ գործ ենք անում, ասֆալտ, մուտքի վերանորոգում և այլն, և այլն… Տվեցինք…

Այսօր տնից դուրս եկա, տեսնեմ՝ սպիտակ շորով և բանտիկներով աստիճանների բազրիքները ծածկել են: Ու հասկացա՝ հարսանիք է: Սկսեցի բարձրանալ վերև՝ վերանորոգել էին մինչև 5-րդ հարկ, որտեղ հարսանիքն էր լինելու, դրանից վերև նույն խայտառակ վիճակն էր:

Դռան մոտ կանգնած էին անվտանգության աշխատակիցներ: Ոտքով իջա ներքև՝ վերելակը անջատել էին, տեսնեմ՝ ներքևը լիքը դրանցից էլի կանգնած են…

Հասկացա, որ «կարևոր» տղեքից մեկը գալու է հաստատ՝ մտա տուն, վերցրի լուսանկարչական ապարատը. ասի՝ նկարեմ…

Բոլորիդ շենքերին ցանկանում եմ, որ Սերժիկը գա հարսանիք…

Հ.Գ. Մենակ չկարողացա ստուգել, թե էս 10 տարի աղբատարում վխտացող հարյուրավոր առնետների հետ ինչ են արել՝ իրիկունը կնայեմ…

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Ոչ իշխանական ուժերի այսօրվա հանրահավաքը՝ Իջևանում’