‘Ինչ է սպասվում Տիգրան Սարգսյանին. 7or.am’

2045

«Արևմտամետ» Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 3–ից հետո դարձավ Մաքսային միության վկա։ Հիմա նա անսահմանորեն քծնում է ռուսներին։ Բայց դա չի օգնելու ավելի քան 300 հազ. ՀՀ քաղաքացու արտագաղթի գաղափարական հայր ու գործիք հանդիսացող վարչապետին։

Եթե Տիգրան Սարգսյանին, կամ, ինչպես սոցիալական ցանցերում է ընդունված նրան անվանել, Տիկոշենկոյին, թվում է, թե ռուսներին հաճոյանալով՝ կարողանալու է մարսել գազային «աֆյորան» ու խուսափել քրեական պատասխանատվությունից, ապա չարաչար սխալվում է։

Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն էլ գաղտնի պայմանավորվածությունների էր եկել գազի թեմայով և հանուն սեփական իշխանության՝ մեքենայություններ իրականացրել։ Արդյունքը եղավ այն, որ նա հիմա ուղղիչ աշխատանքային գաղութում է։

Տիգրան Սարգսյանը պետք է լավ իմանա, որ պետության ու հասարակության դեմ արված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն այնպես, ինչպես երիտթուրքերի արածը վաղեմության ժամկետ չունի։

Ի դեպ, Տիգրանի արածները սառը պատերազմի մեջ գտնվող երկրի պարագայում ծանրացուցիչ հանգամանք պետք է համարել։

Հայցային վաղեմության ժամկետ չունեն նաև ՀՀ ոսկու պաշարների վաճառքը, օֆշորային խաբեությունը, դոլար–դրամ «լվացքը», Հայաստանի տնտեսությանը հասցված շեշտակի հարվածները (Հայաստանն, ըստ «Ֆորբս» ամսագրի, աշխարհի տասը վատագույն տնտեսություններից է համարվում),փոքր ու միջին բիզնեսի կոտորածը, բյուջետային «ատկատները», մտերիմների միջոցով շահած«տենդերները» և այլն, և այլն, և այլն։ Մի խոսքով, մեռելոցների մենեջմենթով զբաղվող Տիգրան Սարգսյանին չի փրկելու իր տերտերական առոգանությունը։ Ինքնախոստովանական ցուցմունքի համար էլ նա արդեն ուշացել է։

«Հայկական աշխարհի» ճարտարապետը Հայաստանում գործել է իբրև թուրքական դիվերսանտ։ Ընդ որում, դա արել է գիտակցված։ Թե ինչ նպատակով, արդեն էական չէ։ Ասել է թե՝ չի կարող մեղմացուցիչ հանգամանք դիտարկվել անմեղսունակության վարկածը։ Մարդը հետևողականորեն թուլացրեց «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի մեջ գտնվող պետության տնտեսությունն ու հարցականի տակ դրեց մեր պաշտպանունակությունը։ Սա «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ուղղակի հետևանք է։ Այնպես որ, «կներեք, չէի ուզում» տարբերակը չի անցնում։

Տ. Սարգսյանին, հետևաբար, պատիժ է հասնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև«լեռների» օրենքով։ Ու դժվար է ասել, թե որն ավելի ծանր կնստի նրա վրա՝ ՀՀ քրեական օրենսգի՞րքը, թե «լեռների» օրենքը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Վերջին տարիներին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է մի քանի անգամ։ Տիգրան Սարգսյանի անձնական եկամուտների աճի ֆոնին, սա լրացուցիչ հոդված կարող է դիտարկվել։

Աղբյուրը` 7or.am

 

Նախորդ հոդվածը‘Ծննդյան տոների լավագույն ֆիլմերը’
Հաջորդ հոդվածը‘Մարդկանց մտավոր զարգացումը «սպանողները»’