‘Ինչ կապ ունի Բալայանի նամակը Եվրախորհրդարանի բանաձեւի հետ ‘

1900

Հոկտեմբերի 23-ին Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև, ուր անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և առանձին՝ Հայաստանին՝ ամփոփելով  վերջին երեք տարիների բանակցությունները ԵՄ-ի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

Հոդված 16.       

Recalls its position that the occupation by one country of the Eastern Partnership of the territory of another violates the fundamental principles and objectives of the Eastern Partnership and that resolution of the Nagorno-Karabakh conflict should comply with UN Security Council resolutions 822, 853, 874 and 884 of 1993 and the Organisation for Security and Cooperation in Europe (OSCE) Minsk Group Basic Principles, enshrined in the L’Aquila joint statement of 10 July 2009;

Առաջին անգամ խոսվում է այն մասին, որ Արևելյան գործընկերության մեկ պետության կողմից  մեկ այլ պետության զավթումը խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները: Այնուհետև նշվում է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի 1993 թ. 822, 853, 874 ու 884 բանաձևերի և 2009 թ. հուլիսի 10-ի Լ՛Աքվիլայում ամրագրված հայտարարության հիման վրա, ուր խոսվում է Մինսկի Խմբի Հիմնարար (Մադրիդյան) Սկզբունքների  մասին: Այս ձևակերպումը նույնպես նորություն է. երբեք ՄԱԿ-ի բանաձևերը չեն շաղկապվել Մադրիդյան սկզբունքների հետ:

Եթե խոսքը վերաբերեր միայն ՄԱԿ-ի բանաձևերին, Հայաստանն անհանգստանալու կարիք չէր ունենա:  Այն ժամանակվա իշխանությունների փայլուն աշխատանքի շնորհիվ  ՄԱԿ-ի 884 բանաձևի երկրորդ հոդվածը ապահովագրում է Հայաստանը տարածքների զավթման որևէ պատասխանատվությունից և, հետևաբար՝ ճնշումներից: 2-րդ հոդվածը ձևակերպվել է հետևյալ կերպ.  Calls upon the Government of Armenia to use its influence to achieve compliance by the Armenians of the Nagorny Karabakh region of the Azerbaijani Republic with resolutions 822 (1993) , 853 (1993) and 874 (1993) , and to ensure that the forces involved are not provided with the means to extend their military campaign further:

Կոչ է արվում Հայաստանի կառավարությանը օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերը ի կատար ածեն ՄԱԿ-ի  822 (1993) , 853 (1993) and 874 (1993) բանաձևերը և ապահովեն, որ ներգրավված ուժերին չտրամադրվեն միջոցներ՝ ռազմական արշավը շարունակելու համար:

Այս փայլուն ձևակերպմամբ, փաստորեն, ճանաչվում է, որ պատերազմական գործողություններում ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ուժերը, որոնք, «բոլորից անկախ»՝ վարում են ռազմական գործողություններ: Լեռնային Ղարաբաղի վրա էլ որևէ ճնշում բանեցնելու համար, առաջին հերթին, պետք էր  այն ճանաչել: Այս բանաձևի արդյունքում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման 1997թ. հայտնի Փուլային տարբերակում նույնպես Լեռնային Ղարաբաղը ներգրավված էր որպես լիիրավ կողմ՝ բոլոր կենսական հարցերում վետոյի իրավունքով:

Եվրոպական խորհրդարանի բանաձեւում վկայակոչված Լ՛Աքվիլայի հայտարարությունը գրանցել է հայկական դիվանագիտության լրջագույն նահանջը: Մեջբերենք հատված այդ հայտարարությունից.

The Basic Principles call for inter alia:

—return of the territories surrounding Nagorno-Karabakh to Azerbaijani control —an interim status for Nagorno-Karabakh providing guarantees for security and self-governance, —a corridor linking Armenia to Nagorno-Karabakh; —future determination of the final legal status of Nagorno-Karabakh through a legally binding expression of will; —the right of all internally displaced persons and refugees to return to their former places of residence; and
— international security guarantees that would include a peacekeeping operation.

Հիմնարար սկզբունքները, այլոց թվում, կոչ են անում.

Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ:

Միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` նախատեսելով ինքնակառավարման և անվտանգության երաշխիքներ:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք:

Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական վերջնական կարգավիճակի որոշում իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Իրենց նախկին բնակավայրեր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի իրավունք:

Խաղաղապահ գործողության միջոցով միջազգային անվտանգության երաշխիքներ:

Այս սկզբունքները զգալի նահանջ են 1997 թ. Փուլային տարբերակից. եթե Փուլայինում Ղարաբաղը լիիրավ կողմ էր՝ բոլոր իրավունքներով, 1998թ. հեղաշրջում կատարած վերնախավը կարգավորման գործընթացը հասցրեց նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշումից այսօր որևէ բան կախված չէ: Մադրիդյան փաստաթղթի նախաբանում իսկ, որպես հակամարտող կողմեր՝ նշված են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Հիշենք նաև Ս. Սարգսյանի խոստովանությունը ԵԽԽՎ իր ելույթի ժամանակ, որ 2011թ. Կազանում ինքը պատրաստ էր ստորագրել այս փաստաթուղթը, և միայն Ի. Ալիևի միջամտություններից հետո փաստաթղթի ստորագրումը խափանվեց:

Եվրոպական խորհրդարանի՝ հոկտեմբերի 23-ին ընդունված բանաձևի վտանգն այն է, որ ՄԱԿ-ի՝ մեզ համար հարմար բանաձևի շաղկապումը Մադրիդյանի հետ միանշանակորեն ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև տարածքների ազատման պատասխանատվությունը այլևս դրվում է Հայաստանի վրա: Սերժ Սարգսյանի իշխանությունը չկարողացավ օգտվել ՄԱԿ-ի բանաձևից և վստահեցնել միջազգային հանրությանը, որ Հայաստանը ավելին, քան ղարաբաղցիներին համոզել՝ չի կարող անել, Հայաստանը չի զավթել Ադրբեջանի տարածքները, հետևաբար՝ Հայաստանին այս հարցով դիմելը սխալ է: Մեզ ձեռնտու տարընթերցումներից խուսափելու համար Եվրոպական խորհրդարանը գնաց ավելի առաջ. բանաձևում նշվում է, որ «Արևելյան գործընկերության մեկ պետության կողմից մեկ այլ պետության զավթումը խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները»: Սա այն հանգրվանն է, որին հասցրել է մեզ Սերժ Սարգյսյանի քաղաքականությունը. անբան, անգրագետ, սիրողական և ծույլ դիվանագիտությունը բերել հասցրել է Հայաստանը այս անպատվաբեր վիճակին: Այստեղ խոսել Է. Նալբանդյանի, Ա. Ղուկասյանի դերակատարության մասին իսկ` ավելորդ է. նրանք ոչ մի բան չեն որոշում, ոչ մի բան ունակ էլ չեն անելու այս արատավոր համակարգի մեջ:

Եվրոպական խորհրդարանի՝ ԼՂ հակամարտությանը վերաբերող բանաձևի դրույթներին ՀՀ իշխանությունները ծանոթ էին օրեր առաջ: Նրանք չեն կարողացել համոզել եվրոպական խորհրդարանականներին՝ հանել մեզ համար անընդունելի դրույթները: Այս վտանգավոր ձևակերպումները Եվրոպայի արձագանքն են Ս. Սարգսյանի սեպտեմբերի 3-ի շրջադարձի: Հայաստանի պատասխանը Եվրոպային սպասել չտվեց. այն արվեց Սարգսյան-Ղուկասյան զույգի վրա նշանակալի ազդեցություն ունեցող Զ. Բալայանի նամակով:

 

Վլադիմիր Կարապետյան

Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

Հ.Գ. ԵԽ բանաձևի  29 և 30 հոդվածները անդրադառնում են Հայաստանին: Այդ մասին կխոսենք հաջորդիվ:

 

Նախորդ հոդվածը‘Պատահար Իսակովի պողոտայում. Կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի ‘