‘Ինչ ունեն-չունեն ԼՂՀ պաշտոնյաները. Հայտարարագրեր ‘

2226

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» ամսագիրը գրում է, որ ԼՂՀ կառավարության տարեվերջյան նիստերից մեկում հայտարարվեց, որ 2014 թվականին հարկային մարմնի կայքում կտեղադրվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքները: «Անալիտիկոնի» ստացած տեղեկանքներում բացակայում են ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի վերաբերյալ տեղեկությունները, քանի որ նրանք պաշտոնները ստանձնել են 2013 թվականին:

Ձեզ ենք ներկայացնում անվանական հայտերում նշված ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների 2012 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների հիման վրա կազմված տեղեկանքները:

Ըստ տեղեկանքի՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին է պատկանում (պաշտոնավարման ժամանակաշրջանը՝ 07.09 2007 թվականից) 257.54 քառակուսի մետր չափով 1 բնակելի շինություն: 2012 թվականի նրա բոլոր եկամուտները կազմել են 4 598 800 դրամ, ուղիղ այնքան, ինչքան աշխատավարձը (եւ դրան հավասարեցված այլ վճարումներ):

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին (14. 09 2007) պատկանում է 68.0 քառակուսի մետր չափով բնակելի շինություն, հասարակական/արտադրական (եւ այլ) 4 շինություն (821.2 քառ. մետր), 1 տնամերձ (190.22 քառ. մետր) եւ 1 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (120.8 հա): Արայիկ Հարությունյանի 2012 թվականի եկամուտները կազմել են 101 704 000 դրամ, որից 3 600 000 դրամը նրա աշխատավարձն էր:

ԼՂՀ Հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանն (01.10 2007) ունի 2 բնակելի շինություն (673.5 քառ. մ), 1 տնամերձ (0.2 հա) եւ 1 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (0.08 հա): Արտակ Բալայանին է պատկանում 1989 թ. թողարկման «ՎԱԶ-21061» փոխադրամիջոցը: Նրա 2012 թվականի եկամուտները կազմել են 10 925 000 դրամ, որից 8 745 000-ը աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումներն էին:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին (10.06 2010) պատկանում է 1 բնակելի շինություն (44.9 քառ. մ): Նրա եկամուտներն են 3 622 607 դրամ, ուղիղ այնքան, ինչքան աշխատավարձը:

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն (22.09.2012) ունի 2 բնակելի շինություն (467.0 քառ. մ), երկու տնամերձ (1.078 հա) եւ մեկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (1 հա): Աղաբեկյանին է պատկանում երկու փոխադրամիջոց՝ 2008 թվականի թողարկման Տոյոտա LL 200 եւ 2011 թվականի թողարկման Տոյոտա Հայլանդեր: Նրա ընդհանուր եկամուտները կազմել են 68 345 000 դրամ, որից 845 000 դրամն աշխատավարձն էր:

Տեղեկանքի համաձայն՝ ԼՂՀ Առողջապահության նախարար Զոյա Լազարյանն (22.09. 2012) ոչ մի գույք չունի, միայն աշխատավարձն է նշված՝ 3 304 346 դրամ:

ԼՂՀ Ազգային անվտանգության տնօրեն Վիկտոր Քոչարյանն (18.06. 2007) ունի 2 հատ բնակելի շինություն (120.7 քառ. մ) եւ աշխատավարձից բացի ոչ մի այլ եկամուտ՝ 11 106 864 դրամ:

ԼՂՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն (24.10. 2012) ունի 2 բնակելի շինություն (155.05 քառ. մ) եւ աշխատավարձից բացի ոչ մի այլ եկամուտ՝ 2 800 000 դրամ:

ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանին (2012 թվականից: Ներկայումս Արտադրական ենթակառուցվածքների նախարարն է) պատկանում է 2 բնակելի շինություն (238 քառ. մ), 2 տնամերձ հողամաս (0.3 հա) եւ մեկ գյուղատնտեսական նշանակության հողամաս (3 հա): Ղահրամանյանն աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 3 519 211 դրամ:

ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին (22.09.2012)պատկանում է 1 բնակելի շինություն (104 քառ. մ): Աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 785 400 դրամ:

ԼՂՀ Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանին (28.10.2011) պատկանում է 2 բնակելի շինություն (293.43 քառ. մ), 1 հասարակական/արտադրական շինություն (86.32 քառ. մ) եւ չորս գյուղատնտեսական հողամաս (0.214 հա): Նրա եկամուտները կազմել են 4 748 725 դրամ, որից 4 148 725 դրամն աշխատավարձն է եղել:

ԼՂՀ Կրթության նախարար Սլավիկ Ասրյանին (22.09.2012) պատկանում է մեկ բնակելի շինություն (61.44), 1 տնամերձ (0.88 հա), 1 գյուղատնտեսական (0.34) եւ 1 ոչ գյուղատնտեսական նշանակության (0.161 հա) հողամաս: Նրա եկամուտները կազմել են 3 066 040 դրամ, որից 2 776 040 դրամը Ասրյանի աշխատավարձն էր:

ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին (15.06.2009) պատկանում է 1 բնակելի շինություն (104.01 քառ. մ), 1 հասարակական/արտադրական շինություն (55.99 քառ. մ) եւ 1 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (0.002 հա): Նրա եկամուտները կազմել են 3 219 095 դրամ, որից 2 969 095 դրամն աշխատավարձն էր:

ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին (11.05.2007) պատկանում է 1 բնակելի շինություն (536.36 քառ. մ), 1 հասարակական/արտադրական շինություն (128.4 քառ. մ) եւ 1 տնամերձ հողամաս(0.18 հա): Մովսես Հակոբյանն աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 7 704 736 դրամ:

ԼՂՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին (16.07.2010) պատկանում է 1 բնակելի շինություն (270.7 քառ.մ) եւ 2 տնամերձ հողամաս (0.270 հա): Շահրամանյանն աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 3 341 343 դրամ:

ԼՂՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանին (1999 թվականից) պատկանում է 2 բնակելի շինություն (317.3) եւ 1 տնամերձ հողամաս (1.5 հա): Աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 5 702 824 դրամ:

ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին (2008) պատկանում է 3 բնակելի շինություն (241 քառ. մ) եւ 1 հասարակական/արտադրական շինություն (64.2 քառ. մ): Շահվերդյանը նաեւ ունի 1990 թվականի թողարկման «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա: Նրա եկամուտները կազմել են 2 858 000 դրամ, որից 2 708 000 դրամն աշխատավարձն էր:

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանին(22.09.2012) պատկանում է 2 բնակելի շինություն (191 քառ. մ) եւ մեկ գյուղատնտեսական հողամաս (2.2 հա): Նրա եկամուտները կազմել են 13 106 000 դրամ, որից 3 106 000-ը աշխատավարձն էր:

2012 թվականի կտրվածքով ամենաբարձր աշխատավարձերն (եւ դրան հավասարեցված այլ վճարումներ) ունեին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը (11 106 864 դրամ), ԼՂՀ Հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը (8 745 000) եւ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը (7 704 736):

Տեղեկանքում նշված պաշտոնյաներից միայն Արթուր Աղաբեկյանը, Արտակ Բալայանը ու Սերգեյ Շահվերդյանն ունեն փոխադրամիջոցներ:

Մանրամասները՝ «Անալիտիկոնում»

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ ղեկավար. Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինան հույսը պետք է դնի միայն իր վրա’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը Երեւանում (Ֆոտոշարք)’