‘Ինչ տեղի ունեցավ ձմեռային տրանֆերային պատուհանի ընթացքում’

1414

Ձմեռային տրանսֆերային պատուհանին շատերը լուրջ չեն վերաբերվում՝ համարելով, որ խաղացողը թիմին պետք է միանա մրցաշրջանի սկզբից՝ փոխըմբռնման, ադապտացիայի և այլ խնդիրներից ելնելով: Բայց, միևնույն է, մի շարք գրանդ ակումբեր տոներից հետո կարևորագույն ձեռքբերումներ կատարեցին՝ փորձելով գոնե այս կերպ փրկել մրցաշրջանը: Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել են հաշված ժամեր, մինչ կեսգիշեր թե՛ թոփ ակումբներ և թե՛ միջակ թիմեր կփորձեն համալրել իրենց շարքերը անհրաժեշտ խաղացողներով: Տեսնենք, թե ինչ նշանակալից տեղափոխություններ կատարվեցին եվրոպական թոփ 5 առաջնություններում:

Անգլիա

«Պրեմիեր լիգայում» հիմնական նորությունները սպասվում էին Մոյեսի «Յունայթեդից», որտեղ կար գումար, բայց, ինչպես և  ամռանը, մարզիչը դժվար էր կողմնորոշվում, թե ով է իրեն անհրաժեշտ, և «Արսենալից», որտեղ շարունակում են կենտրոնական հարձակվող փնտրել: ՄՅՈՒ-ն, հնարավոր է, կրկին որևէ նոր ձեռքբերում չիրագործեր, բայց հայտնվեց Ժոզե Մոուրինյոն, ով Խուան Մատային բացահայտ դեպի դուռը ցույց տվեց՝ «Բենֆիկայից» գնելով Մատիչին, ինչից հետո բաց թողեց իսպանացուն 45 մլն  €-ով: Ոչ շատ քննարկված, բայց ուշադրության արժանի գնում կատարեց «Սանդերլենդը»՝ պայմանագիր ստորագրելով Սանտյագո Վերխինիի՝ լատինաամերիկացի ամենատաղանդավոր պաշտպաններից մեկի հետ, ում ցանկանում էր գնել նաև «Բարսելոնան»:

Իտալիա

«Սերիա Ա-ում» այդպես էլ չիրագործվեց ձմեռվա ամենաաղմկալի գործարք փոխանակությունը՝ Գուարինը՝ դեպի «Յուվենտուս», Վուչինիչը՝ դեպի «Ինտեր»: Այդ իսկ պատճառով արժե առանձնացնել երեք ակումբների տրանսֆերային գործունեությունը՝ «Միլանի», «Ռոմայի» և «Ֆիորենտինայի»: Հռոմեացիները գնեցին իտալական ֆուտբոլում հանդես եկող ամենաթերագնահատված, բայց փայլուն հենակետայիններից մեկին՝ Նայնգոլանին, բացի այդ էլ՝ «Բարսելոնա Բ-ից» ձեռք բերեցին Տոնի Սարաբիային՝ հանձնելով 18-ամյա հարձակվողի իրավունքները «Սասուոլոյին»: «Ֆիորենտինայում» Մոնտելան ստացավ այն, ինչ փնտրում էր. Մատրիին՝ որպես Մարիո Գոմեսի փոխարինող, և Անդերսոնին՝ «Մանչեստեր Յունայթեդից», իսկ «Միլանում» Զեյդորֆի հետ եկան Ադիլ Ռամին, Հոնդան, Մայքլ Էսիենն ու Տաաբարտը:

Իսպանիա

«Պրիմերայում» ամենաակտիվը «Վալենսիան» էր. «չղջիկները» գնեցին Վարգասին «Նապոլիից» և Իսպանիա վերադարձրին Սեյդու Կեյտային, ով նույնիսկ 34 տարեկանում ունակ է օգուտ բերել Պիցցիի թիմին: Բացի այդ, հետաքրքիր տրանսֆեր իրականացրեց Դիեգո Սիմեոնեն՝ պահանջելով գնել իր ֆուտբոլիստ տեսակին ամենամոտը գտնվող Խոսե Սոսային: «Ատլետիկոն» կփորձի այսօր ձեռք բերել նաև կառուցող կիսապաշտպանի, տարբերակները մի քանիսն են Դիեգո, Բանեգա և Լավեսսի և Վալբուենա: Մադրիդյան մեկ այլ թիմ և նրանցից ընդամենը մեկ միավոր ավելի ունեցող Բարսան լուռ էր և զբաղված էր այլ սկանդալային խնդիրների լուծմամբ:

Գերմանիա

«Բունդեսլիգայում» ձմեռը հանգիստ էր ոչ միայն խաղերի բացակայության պատճառով: Այստեղ ձմռանը որևէ հնչեղ գործարք չի իրագործվում, այլ բան՝ եթե խոսքը վերաբերում է թիմերի միջև պայմանավորվածություններին: Կայացած տրանսֆերներից կարելի է առանձնացնել Կիրհոֆի՝ «Բավարիայից» «Շալկե 04» տեղափոխությունը, ու երևի թե վերջ:

Ֆրանսիա

Ֆրանսիայում, իհարկե, ամենահնչեղ գործարքը կրկին իրականացրեց ՊՍԺ-ն, որտեղ, հնարավոր է, սկսել է ակումբի ավելի ֆրանսիականացման պրոցեսը: Ավելի համեստ էին «Մոնակոյի» ղեկավարները, ովքեր սահմանափակվեցին «Անժիից» Տրաորեի ձեռքբերմամբ: Բացի այս երկու թիմերից՝ «Մոնպելյեն» «Միլանից» գնեց Մբայե Նյանգին:

Նախորդ հոդվածը‘Հետազոտություն. Օղին ՌԴ-ում բարձր մահացության հիմնական պատճառներից է’
Հաջորդ հոդվածը‘2013 թ. ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 42 հազար մարդ. «Ժողովուրդ»’