‘Ինտեգրում՝ առանց Սերժ Սարգսյանի’

1458

Հայաստանի ինտեգրման հարցի հետ կապված բուռն քննարկումները շարունակվում են: Եվ եթե ընդհանրացնենք հնչող կարծիքները, կարելի է մի շատ կարճ դիտարկում անել. հնչող տեսակետները,  մեծամասամբ, անբովանդակ և զգացմունքային բնույթ ունեն: Բանավեճը ընթանում է ավելի շատ անձնական նախասիրությունների, այլ ոչ թե քաղաքական ու տնտեսական նպատակահարմարությունների դաշտում:

Նման պայմաններում անհնարժեշտություն է առաջանում կրկնելու, որ Հայաստանի, իսկ ավելի ճիշտ` ռեժիմի՝ միջազգային քաղաքականության ոլորտում իրականացված վերջին` թե՛ գործող իշխանություններին, թե՛ մեր պետությանը պատիվ չբերող աճպարարությունները պետք է դիտարկել ոչ թե Եվրասիական և Եվրոպական միությունների բովանդակային տարբերությունների, այլ Հայաստանում ձևավորված հակաժողովրդական իշխանությունների և այն ղեկավարող Սերժ Սարգսյանի կողմից նվաստանալու, սեփական պետությունը խայտառակելու, իշխանության ամրապնդման և պահպանման նպատակով Հայաստանի անկախությունը զոհաբերելու պատրաստակամության տեսանկյունից:

Հարկ է գիտակցել, որ եթե Եվրասիական միությանը անդամակցելու դիմաց Սերժ Սարգսյանին տրվել են երաշխիքներ, ապա միայն իշխանության պահպանման ոլորտում: Մնցած բոլոր խոստումները Սերժ Սարգսյանի համար երաշխիք չեն կարող հանդիսանալ: Ղարաբաղի հարցը, Հայաստանի տնտեսական շահը և այլ խնդիրներ նրա մտահոգությունների շրջանակի մեջ չեն մտնում, ինչի արդյունքում, արդեն վեցերորդ տարին է, չունենալով ներքին լեգիտիմություն` Սերժ Սարգսյանը իշխանության պահպանման երաշխիքները փնտրում է Հայաստանի սահմաններից դուրս` գերտերությունների առջև նվաստանալու, նրանց ամեն կերպ քծնելու միջոցով:

Ի դեպ, անարդար կլինի ասել, որ այսպիսի երաշխիքները միայն Ռուսաստանի մենաշնորհն են: Թե՛ Եվրոպան, թե՛ ԱՄՆ-ն տարիներ շարունակ հենց այսպիսի երաշխիքների միջոցով են փորձել պահպանել իրենց վերահսկողությունը Սերժ Սարգսյանի, Հայաստանի նկատմամբ: Մարտի 1-ի դեպքերի, առնվազն 10 զոհերի, քաղբանտարկյալների, տևական բռնաճնշումների վերաբերյալ Արևմուտքի կողմից պահպանված քար լռությունը, ընտրությունների ընթացքը որպես «մեկ քայլ առաջ» որակումը սրա վառ ապացույցն են:   Սակայն երևույթը ամենևին զարմանալի չէ: Եվ Արևմուտքը, և Ռուսաստանը ունեն իրենց  պետական շահերը և երբեք չեն դադարեցնելու նման քաղաքականությունը` նպատակ ունենալով լայնացնել և ամրապնդել իրենց ազդեցության շրջանակները աշխարհագրական քարտեզի վրա:  Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ հավելյալ ճնշման գործիքներ ես դու ինքդ, որպես իշխանություն, որպես պետություն՝ տրամադրում գերտերություններին: Իսկ այս առումով, խոստովանենք, որ հայասատանյան իշխանությունները իսկապես մեծ բարձունքների են հասել: Ճնշման ավելի ազդեցիկ գործիքներ, քան վարչախմբի ներքին լեգիտիմության բացակայությունը և իշխանությունների հանցավորությունն է՝ դժվար է պատկերացնել:

Հաշվի առնելով վերը նշվածը և հետևելով վերջին զարգացումներին ու հնչող կարծիքներին՝ հարկ է նաև նշել, որ ոչ միայն, ինչպես նախագահ Տեր-Պետրոսյանը նշեց իր վերջին ելույթում, քաղաքականությամբ զբաղվողներն ու քաղաքական ուժերը, այլ նաև որոշակի հեղինակություն ունեցող հասարակական, մշակութային դեմքերը իրավունք չունեն առաջնորդվելու խոհանոցային բամբասանքների մակարդակի պնդումներով, երբ սեղանին դրված է պետության ապագայի հարցը: «Ռուսները խմող են», «եվրոպացիները անբարոյական են», «մեկին չենք սիրում», «մյուսին ատում ենք» և նմանատիպ այլ ձևակերպումները մեր պետականության համար հղի են շատ աղետալի հետևանքներով: Նման իրավիճակում անգամ հասարակ քաղաքացիներից պահանջվում է սառը հաշվարկի կարողություն և ավելորդ զգացմունքայնության բացառում` հասկանալու համար, թե որն է Հայաստանի առավել շահավետ դիրքորոշումը: Միևնույն ժամանակ, նույն այդ սառը դատողությունը, առաջին հերթին, պետք է թելադրի, որ ցանկացած ուղղությամբ հաջողության հասնելու նպատակով հարկավոր է անհապաղ ձերբազատվել Հայաստանի ապագան առևտրի առարկա դարձրած Սերժ Սարգսյանի հանցախմբից: Ինտեգրման բոլոր ուղղությունները ռեժիմի պահպանման պայմաններում կարող են ունենալ աղետալի հետևանքներ Հայաստանի Հանրապետության համար:

Հ.Գ. Անհրաժեշտ է հասկանալ, որ պետական շահը իրականում ոչ մի առնչություն չունի այս կամ այն գերտերության նկատմամբ մեր ունեցած անձնական վերաբերմունքի` համակրանքի կամ հակակրանքի հետ: Կարելի է սնվել կարտոֆիլով, թթվով ու օղիով, բայց համագործակցել Եվրոպայի հետ, և հակառակը` կողմնորոշվել դեպի Ռուսաստան ու սնվել բացառապես «մակդոնալդսով» ու կոկա-կոլայով:

Արեգ Գեւորգյան

 

Նախորդ հոդվածը‘Հանուն Նունե Եսայանի՝ հրապարակից հանվում են նստարաններն ու լուսարձակները. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստը՝ ուրբաթ’