‘Իշավազքի մրցույթի և ժինգյալով հացի «էքսպորտի» հետևանքները’

2385

Հայաստանի ազգաբնակչությունը երևի չի մոռացել կամ էլ արդեն մոռացել է, թե 1998 թվականի պալատական հեղաշրջման մասնակիցներն ինչեր էին խոստանում  Հայաստանի բնակչությանը և ինչպիսի լուսավոր ապագա էին կանխատեսում Արցախի համար:

Նրանք նույնիսկ կոնկրետ քայլեր ձեռնարկեցին այդպիսի ապագայի համար, և հեղաշրջումից շատ չանցած՝ Արցախում կազմակերպվեց ավանակների մրցավազք, ու այդ մրցավազքը լայնորեն լուսաբանվեց հայկական հեռուստաալիքներով:

Նույնիսկ նպատակ կար իշավազքը դուրս բերել միջազգային հարթություն և հասնել նրան, որ այն ներկայացված լինի նաև օլիմպիական խաղերում, սակայն դավադիր ուժերը թույլ չտվեցին այդ ծրագրի իրականացումը, ինչպես  որ վիժեցրին Արմենիկումի մուտքը միջազգային շուկա՝ դրանով իսկ դառնալով ՍՊԻԴ-ով վարակված միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ: Բայց ամեն ինչ դեռ կորած չէ, և ինչպես ականատես ենք լինում այժմ՝ «իշավազքն» իր այլ դրսևորումներով իրապես դուրս է եկել միջազգային հարթություն:

Դրա վառ ապացույցը Աստանայում տեղի ունեցած նամակաընթերցումն էր, երբ Նազարբաևն ի լուր աշխարհի ընթերցեց Ալիևի նամակը, որտեղ հստակ նշված էր, որ Հայաստանը Մաքսային միությանը միանալիս պետք է այդ կազմակերպությունում մոռանա Լեռնային Ղարաբաղի  մասին:

Իհարկե, այդ նամակի ընթերցումից մի քանի օր անց, երբ Սերժ Սարգսյանն արդեն վերադարձել էր Ղազախստանից ու գտնվում էր Ծաղկաձորում, էդ Նազարբաևի պորտը մի լա՛վ տեղը դրեց, և հիմա ղազախ ժողովուրդը չգիտի, թե ոնց փրկվի խայտառակությունից:

Հիմա արդեն ղազախներն ու բելառուսները հասկացան, թե ինչպիսի դրական ազդեցություն ունի «իշավազք» մարզաձևը միջազգային հարաբերությունների բնագավառում,  իսկ ռուսներն էլ թող շատ չմտահոգվեն, որ այդ մարզաձևը Հայաստանին կարող է դարձնել Եվրամիության Ասոցացման համաձայնագրի անդամ, միևնույն է՝ եվրոպացիները դեռ այդքան չեն զարգացել, որ հասկանան Զորի Բալայանի հայտնի նամակի և վերոնշյալ մարզաձևի միջև եղած ուղիղ կապը:

Էն ա՝ Ալիևն էլ է նամակ հղում ՄՄ երկրների ղեկավարներին, Զորի Բալայանն էլ է նամակ գրում ռուսաց թագավորին, հիմա՝ ո՞րն է դրանց միջև եղած տարբերությունը, չէ՞ որ եթե Ալիևի նամակը տեղավորվում էր  մի քանի նախադասության մեջ, մեր Զորի Բալայանի նամակը կարելի էր գրական նոր ժանր հռչակել՝ որպես նամակ-վեպ, ու թող ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչպիսի մշակույթի կրող է հայ ժողովուրդը, և ինչպիսին՝ ադրբեջանցիները, որ չեն էլ կարողանում մեր մեկ հազարերորդի չափով նամակ գրել:

Իհարկե, «չարակամները» կնշեն, թե դեռ ոչ վաղ անցյալում՝ շատ չէ, մինչև «հայրենասիրական հեղաշրջումը», այդ նույն Նազարբաևը, Ալիևի նամակը կարդալու փոխարեն՝ այցելում էր Արցախ և կենացներ ասում Արցախի հերոսական ժողովրդի պատվին, սակայն ո՞ւմ էին պետք այդպիսի այցելությունները, եթե Հայաստանը իշավազքը դարձրել է համաշխարհային մարզաձև և կարող է իր բազմահազարամյա մշակույթով ներկայանալ աշխարհին:

Հա, մեկ էլ՝ Ելցինն էր այցելում Արցախ ու կրկին փորձում Արցախի հարցը լուծել, բայց դա էլ էր ապարդյուն:

Ավելի լավ չէ՞ այն, ինչ կա ներկայում, երբ հեղաշրջումից հետո որևէ երկրի ղեկավար կամ արտասահմանցի բարձրաստիճան  որևէ պաշտոնյա չի այցելում Արցախ և չի կարողանում իմանալ իշավազքի գաղտնիքները: Չէ՞որ այդպիսի այցելություններն իրենց մեջ վտանգ են պարունակում և կարող են «ազգային անվտանգության» գաղտնիքները հասանելի դարձնել դավադիր ուժերին:

Բա որ նրանք իմանան ժինգյալով հաց պատրաստելու գաղտնի՞քը, էդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր լինելու պահպանել ժինգյալով հացի համաշխարհային մոնոպոլիան:

Բայց մի բան, այնուամենայնիվ, պետք է մտածել՝ Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ դնելուց առաջ. պետք է այնպես անել, որ ժինգյալով հացը կարողանանք առանց մաքսազերծելու բերել Հայաստան և էքսպորտ անել միջազգային շուկաներ, թե չէ միայն իշավազքով՝ դժվար տեղ հասնենք:

Սանասար Հավասարյան 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘ՃՈ աշխատակիցները վարորդի նկատմամբ բռնություն են կիրառել’