‘Իշխանության սպասարկուների էժանագին հնարքները ‘

3338

Իր քաղաքական հակումներով հայտնի 1in.am կայքը հարցազրույց է անցկացրել Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանի հետ: Հարցազրույցն հրապարակվել է եւ անմիջապես աչքի է ընկել մեղմ ասած խայտառակ աղավաղումներով: Բանն այն է, որ լրագրողը Կարախանյանին հարց է տալիս, թե եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ, արդյո՞ք ոչ իշխանական ուժերը կմիանան նրան եւ կհամախմբվեն նրա շուրջ:

Հարցին Կարախանյանը հստակ պատասխանում է. «Քոչարյանի շուրջ համախմբում չեմ հասկանում ինչ է նշանակում, Քոչարյանն ունի իր համախոհները, իր կողմնակիցները կլինեն նրա կողքին, բայց քաղաքական կուսակցություններն ունեն իրենց համախմբման եզրերը և ունեն իրենց ծրագրերը, և այդպիսի խնդիր չկա դրված, որ նրանք կկանգնեն Քոչարյանի շուրջ, դա հետագայի հարց է, չկա այսօր նման օրակարգ: Համախմբման հիմնական առանցքը ՀԱԿն է»:

Հարցազրույցը, սակայն, լույս է տեսել նման խեղաթյուրված վերնագրով. «Քոչարյանի շուրջ համախմբման հիմնական առանցքը ՀԱԿ-ն է»:

iLur.am-ը այս կապակցությամբ զրուցեց Սմբատ Կարախանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր հարցազրույցը` նման վերնագրով հրապարելը մեկնաբանելու խնդիր էլ չկա, քանի որ դրանք իր խոսքերը չեն:

«Ես հստակ ասել եմ, որ եթե խոսքը գնում է ուժերի համախմբման առանցքի մասին, ապա առանցքը պիտի լինի ՀԱԿ-ը: Իսկ այն, ինչ իրենք են գրել, ես նման բան չեմ ասել: Ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ չեմ կարող մեկնաբանել: Չէի ցանկանա մեկնաբանել, թե ինչ նպատակով են դա արել, դա էլ թող մնա իրենց խղճին: Նման բառակապակցություն իմ ասած նախադասության մեջ չկա»,- նշեց Կարախանյանը:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, իշխանական քարոզչամեքենան հայտնվել է կատարյալ ցայտնոտի մեջ: Իշխանությունների դեմ պայքարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների խոսքերը խեղաթյուրելու հարցում մասնագիտացած ԶԼՄ-ներն արդեն անգամ խեղաթյուրելն են կատարում ամենախայտառակ դրսեւորումներով: Բանը հասել է նրան, որ ոչ թե պարզապես մարդու խոսքն են խեղաթյուրում, այլ, հրապարակում են հարցազրույց եւ այն վերնագրում այնպիսի բառակապակցությամբ, որը նույնիսկ հարցազրույցում չկա: Սա ակնհայտորեն ցույց է տալիս վարչախմբի եւ նրան ծառայող լրագրողների ակնհայտ պանիկան: Բայց ինչպես ասում են` հայտնի վարքի տեր մարդկանց բացահայտվելու ժամկետը 40 օր է:

Նախորդ հոդվածը‘«Կասկածում եմ, թե գիտության աշխարհը նույնքան երկնագույն կմնա»’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմադիրները մտադիր են առևանգել Թաիլանդի վարչապետին’