Իշխանությունը խաղաղության օրակարգից շեղվել է դեռ 2019-20-ին՝ երկիրը մեծ ուժերի բախման արանքում ոտնատակ գցելով

1438

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է․

Չորս տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց իրականում պարտակվեց։ Խոսեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մասին, հետո դա փոխարինվեց վեթինգով, վեթինգը՝ դատավորների հրաժարականի պահանջով, իսկ հետո այդ պահանջի հասցեատերերից մեկը նշանակվեց ՍԴ դատավոր։ Կարծում էր, որ ճիշտը երկրի կառավարման խորհրդարանական համակարգն է, հետո օրակարգ բերեց կիսանախագահական համակարգին վերադառնալու տարբերակը, հետո նորից վերադարձավ խորհրդարանականին։ Ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հետո պարզվեց՝ Շուշին դժբախտ ու դժգույն է։ Երեկ համոզված ոչմիթիզական էր, այսօր՝ «խաղաղության դարաշրջան» բերող։

Ընդհանրապես, երկրի համար կենսական հարցերում Ն. Փաշինյանն ինչ ասում է, ասել է նաև դրա ճիշտ հակառակը։ Սա խոսում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե ձևավորված համոզմունքներով և հստակ աշխարհայացքով մարդու հետ, այլ՝ հախուռն մեկի, որի դիրքորոշումները հաշվարկված չեն և պայմանավորված են պատեհությամբ։ Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ երբ Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին, պետք է պատկերացնել հնարավոր ամենավատ սցենարը և վստահ լինել, որ նա ունակ է իր որոշումներով է՛լ ավելի վատ սցենար ապահովել։

Ինչո՞ւ իշխանության «խաղաղության օրակարգն» անգամ սեփական երկրում հասկացողություն չի գտնում. որովհետև այն բովանդակազուրկ է։

Խաղաղությունը սոսկ բառ չէ, խաղաղությունը ցանկություն չէ, խաղաղությունը բալանս է՝ հակակշիռների, լծակների, գործոնների համակարգ։ Երբ ակնհայտ է դառնում, որ պատերազմն ավելի շատ վնաս կտա, քան՝ օգուտ, չի լինում պատերազմ և լինում է խաղաղություն։ Իսկ բալանսն ունի ռազմական, դիվանագիտական, լոգիստիկ, դեմոգրաֆիկ, աշխարհաքաղաքական բաղադրիչներ։

2020-ի պատերազմը քարուքանդ է արել մեր՝ առանց այն էլ համեստ ռեսուրսները։ Այն, ըստ էության, ավելի է դժվարացրել խաղաղության հասնելը, որովհետև մեր դեմ է շուռ տվել անգամ այն փոքր հնարավորությունը, որը կարող էինք ունենալ բալանսի տարբեր բաղադրիչներում։

Ինչո՞ւ պետք է խաղաղություն լինի, ինչն ինչո՞վ է հակակշռվելու։ Հետպատերազմյան շրջանում ի՞նչ է արվել այդ ուղղությամբ։ Առանց այս հարցերի պատասխանն ունենալու, հենց այնպես խաղաղություն ասելով խաղաղություն չի գալու։ Դա պարզապես ցույց է տալիս, որ գործ ունենք նույն անպատասխանատու ոչմիթիզականության հետ՝ հակառակ նշանով։

Ըստ այդմ, «խաղաղության օրակարգից չենք շեղվելու» ձևակերպումը ենթադրում է գործ, վերոնշյալ բալանսային բաղադրիչներում փոփոխության հասնելու ջանք, նախաձեռնողականություն, ոչ թե «խաղաղություն» բառի պարբերական արտաբերում։ Իրականում իշխանությունը շեղվել է այդ օրակարգից դեռ 2019-20-ին՝ երկիրը մեծ ուժերի բախման արանքում ոտնատակ գցելով։ Եվ նույնը, ի դեպ, շարունակում է այսօր։

Առանց բովանդակության խաղաղության գաղափարն արժեզրկվում է (ինչպես արժեզրկվեցին ժողովրդավարության, արդարադատության գաղափարները), իսկ դա բթացնում է իրականության ընկալումը՝ երկիրը պահելով ցուգցվանգի մեջ։

Նախորդ հոդվածըԱղետը չի պայթում միանգամից. Վահրամ Աթանեսյան
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ուզբեկստանի թիմին