‘Իշխանությունը ներկայացնում է «Աշուն-ձմեռ» հավաքածուի նոր տեսականին’

1480

2008-ի Համաժողովրդական շարժման ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ քաղաքական դաշտը մաքրվել եւ հստակ սեւերի ու սպիտակների էր վերածվել: Ամեն ինչ ավելի քան հստակ ու ակնհայտ էր` մի կողմում ընդդիմությունն էր, մյուս կողմում՝  իշխանությունը: Իշխանությունների կողմից դաշտում ներդրված ու երկար տարիներ պետպատվերով ընդդիմադիր աշխատած անձինք, մեղմ ասած, լուսանցքում էին հայտնվել: Շարժմանը հաջողվել էր քանի տարի պահել այդ հստակ տարանջատումը:

Այսօր, սակայն, իրավիճակը մի փոքր այլ է: Սերժ Սարգսյանը դերակատարների նոր բաշխում է արել. ԱԺ ընտրություններից առաջ բացված տրանսֆերների սեզոնի ժամանակ Սարգսյանը լուսանցքում հայտնված մի շարք գործիչների բացահայտորեն տեղափոխեց իշխանական ակումբներ, եւ այս անգամ հիմնական խաղադրույքը կատարեց «պոկում» վարժության վրա: Արդյունքում ընդդիմությունից պոկելով մի քանի գործիչների: Ի դեպ, հարկ է նշել, որ բոլոր գործիչները չէ, որ միեւնույն դրդապատճառով են պոկվել ընդդիմությունից՝ չնայած պաշտոնական հավաստիացումներին: Չի կարող որեւէ մեղսունակ քաղաքական գործիչ մի քանի տարի լինել մեկ ուժի ներսում, հետ միայ ն 3-4 տարի անց հասկանալ, որ այդ ուժը ռուսամետ է, կամ էլ՝ ավտորիտար:

Իրականում, եթե պոկվածների մի մասի պարագայում ԱՄՆ դեսպանատան կոնտակտ լինելու հանգամանքն էր որոշիչ, (Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը այդպես էր ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված իր գաղտնի նամակներում անվանում ընդդիմության ներսում գործող իր վստահելի մարդկանց, որոնց հետ համագործակցում էր, եւ որոնցից ինֆորմացիա էր ստանում-տես՝ WikiLeaks-ի հրապարակումները), մյուս մասի համար որոշիչն իշխանական ակումբներում իրենց ունեցած նախկին կապերն էին, որոնք ինչ-ինչ հանգամանքներում վերակենդանացել էին, երրորդ մասի պարագայում էլ` խնդիրն ավելի շատ հոգեբանական էր: Կար մարդկանց մի խումբ, ովքեր օբեկտիվորեն կամ սուբեկտիվորեն կարծում էին, որ իրենք ավելին են, քան մյուսները,  եւ սեփական էգո-ի պահանջները ընդդիմության ներսում բավարարված չտեսնելուց հետո, նրանք ուղղակի տրվել էին իշխանական սիրաշահումներին, որոնց` ընդդիմադիրներին սիրաշահելու հիմնական մեթոդը «բա քո նման գործչին, քո կլասի գործչին սազո՞ւմ ա» նախադասությամբ էր սկսվում:

Վերադառնանք, սակայն, քաղաքական դաշտին: Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դրդապատճառներով, նախկին ընդդիմադիր մի շարք գործիչներ այսօր տեղաբաշխվել են քաղաքական խաղատախտակի լիովին այլ վանդակներում, քան նախկինում էին, բայց եւ միեւնույն ժամանակ հայտարարում են, որ իրենք շարունակում են մնալ նույն դիրքում՝ ընդդիմադիր, ծայրահեղ ու արմատական ընդդիմադիր, ավելի արմատական, քան ամենաարմատական ընդդիմությունն է:

Բայց այս պարագայում էլ այնպես չէ, որ միայն խոսքով կարելի է հավատալ՝ մարդն ընդդիմադիր է, թե՞ ոչ: Ի վերջո ընդդիմադիր լինելը ենթադրում է հստակ կենսակերպ  /Հայաստանում/ եւ գործողությունների հստակ շարք: Այնպես չի, որ ինչ-որ մեկը կարող է, ասենք,  «Կենտրոն» համատիրությունից գրություն բերել առ այն, որ ինքն ընդդիմադիր է՝ եւ դրանով մարդուն սկսեն ընդունել որպես ընդդիմադրի: Եթե ծանրամարտիկը 400 կգ բարձրացնելու հայտ է ներկայացնում, դա նշանակում է, որ նա առնվազն պետք է փորձի բարձրացնել այդ ծանրաձողը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ՝ նա իրո՞ք կարող է այդ քաշը բարձրացնել, թե՞ ոչ:

Եթե բռնցքամարտիկը իրեն հայտարարում է ասենք՝ WBO վարկածով չեմպիոն, դա նշանակում է, որ նա մեր աչքի առաջ գոնե պետք է հաղթած լիներ այդ վարկածով որեւէ չեմպիոնի: Հակառակ պարագայում ողջ հանրությունը կարող է  հայտնվել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի վիճակում, ով իր նստավայրում պատվով ընդունում է իրեն առաջին հայաստնացի տիեզերագնաց հռչակած ու Նյուտոնի տեսությունները ծալած ու փաթթած Արթուր Պողոսյանին:

Այնպես որ, երկար վերլուծություններ անելու փոխարեն, այս պարագայում դաշտի իրական պատկերը տեսնելու համար հարկավոր է ընդամենը ուշադիր նայել՝

թե այս կամ այն քաղաքական գործիչն ում դեմ է պայքարում` ովքեր են նրա/նրանց պայքարի հիմնական թիրախները, կամ թիրախը:

Ընդդիմությունը այն ուժն է, որը իշխանության մեջ չէ, եւ սովորաբար պայքարում է/հակադրվում է գործող իշխանություններին: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Հայաստանում իշխանությունը այս պահին Սերժ Սարգսյանի ձեռքերում է: Եթե քաղաքական գործիչը կամ գործիչները իրենց քննադատության թիրախ են դարձնում ոչ թե կամ ոչ այնքան իշխանությանը, այլ իշխանության մեջ չգտնվող ուժին, կամ ուժերին, ապա «հարուրի կեսը հիսունն ա» բանաձեւով ստացվում է, որ այդ ուժն ընդդիմություն չէ:

Իսկ նախկին ընդդիմադիրները, եթե ուշադիր հետեւենք, հիմնականում խոսում են Հայ ազգային Կոնգրեսի դեմ եւ ԲՀԿ-ի մասին: Ու որպեսզի «լեգիտիմացնեն» իրենց քննադատությունը` պարտադիր այդ քննադատության մեջ հիշատակում են Ռոբերտ Քոչարյանին: Ու քանի որ բնականաբար, բոլորի համար Քոչարյանը չարիք է, ապա դրանով նրանք պետք է արդարացնեն իրենց քննադատությունըն առ ընդդիմություն, անկախ այն հանգամանքից, որ ընդդիմությունն ու Քոչարյանին իրար կապելու գաղափարն անհեթեթություն է:

Այն որ Քոչարյանը չարիք է, ոչ ոք չի էլ ժխտում: Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ «Կենտրոն» համատիրությունից, (կամ՝ ԱՄՆ դեսպանատնից) ընդդիմադիր լինելու մասին թուղթ ներկայացրած անձինք մոռանում են, որ գոնե մինչեւ 2008-ը Քոչարյանն ու Սարգսյանը նույն ակումբի առանցքային ռմբարկուներն էին: Սակայն, չգիտես ինչու, այդ մարդիկ իրենց քննադատության նետն ուղղում են միայն Ռոբերտ  Քոչարյանի վրա, իսկ նրան, ով այս պահին իշխանության փաստացի կրողն է, ով այս պահին իրական որոշումներ կայացնելու հնրավորություն ունի, մոռանում են: Թիրախների այս փոփոխության արդյունքում ի՞նչ է տեղի ունենում՝ մարդկանց ուշադրությունը շեղվում է Սարգսյանից դեպի Քոչարյանը, ինչը, ըստ այդ տրամաբանության, հնարավորություն է տալիս Սարգսյանին՝ հանգիստ վերընտրվել` կոնտակտների ու «արմատական ընդդիմադիրների» թեթեւ ձեռքով: Հետեւաբար, Հայաստանում իրական ընդդիմադրին ճանաչելու համար մեկ պարզ միջոց կա՝ հետեւել, թե մարդը ինչպես է արտահայտվում Սերժ Սարգսյանի մասին: Եթե Սերժ Սարգսյանի քննադատության չափաբաժինը ավելի քիչ է, քան՝ մյուսներինը, նշանակում է գործ ունենք ընդամենը ուշադրություն շեղողների հետ:

Ի դեպ, նույն Քոչարյանին քննադատում են նաեւ ՀՀԿ ցուցակով պատգամավորներ դարձած երբեմնի «սուպեր-ընդդիմադիր» Հայկ Բաբուխանյանն ու Արտաշես Գեղամյանը: Բայց դա չի խանգարում նրանց խաղալ  իշխանական ակումբում՝ հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Հ.Գ. Հիշո՞ւմ եք՝ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե «մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում»: Պարոն Սարգսյան, ձեր հաճախորդներին հանրությունն էլ է լավ ճանաչում: Պարզապես, նոր հավաքածուի շրջանակներում հրամցվող նմուշները, մեղմ ասած այնքան էլ նորաձեւ չեն: Տարբեր «սպառողներ» դրանք օգտագործում են առնվազն վերջին քսան տարիների ընթացքում: Եւ հազիվ թե սա այն դեպքն է, երբ «ամեն նոր բան լավ մոռացված հինն է»:    

 Պարգեւ Ապրեսյան  

 

Նախորդ հոդվածը‘«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի համար գլխագին է սահմանվել ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Վերջին օրերին ՀՀ-ում երկրաշարժեր չեն գրանցվել ‘