‘Իշխանությունները անցնում են հին մեթոդների. Մամուլ’

1039

Երեկ, հանրապետության տարբեր քաղաքներում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումները ժողովրդի հետ անցել են՝ մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկանների և ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ, գրում է «Հայկական ժամանակը»՝ հրապարակելով նաև նրանց լուսանկարները:

Նրանք հիմնականում նկարահանել են հանդիպման եկած քաղաքացիներին: Սա հին մեթոդ է: Դրանից հետո տեղի ոստիկանությունը հատ-հատ կայցելի նկարահանված մարդկանց, որին ոնց կարողանա կսպառնա, կհամոզի, կխնդրի՝ այլևս այդ հավաքներին չմասնակցել, առավել ևս մտքով չանցկացնել գնալ Երևան հանրահավաքի, և ընդհանրապես Րաֆֆի Հովհաննիսյանին մտքներից հանել: Պարզվել է սակայն, որ մեծ թվով ծպտյալ իրավապահները այլ հանձնարարություն էլ են ունեցել, որ հաջողվել է միայն Արտաշատում: Այստեղ նրանցից մեկը հայհոյել է «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանին: Ակնհայտ է, որ «Ժառանգության» ներկայացուցիչը պատահական չի ընտրվել, և ոչ էլ հայհոյանքն է պատահական ընտրվել (դա այնպիսի բովանդակություն է ունեցել, որը հայ երիտասարդները երբեք անարձագանք չեն թողնում): Ամենաբարձր օղակներում մտածված այս սադրանքի նպատակը եղել է Դավիթ Սանասարյանին բերման ենթարկելն ու ձերբակալելը, ինչը համենայնդեպս երեկ չի հաջողվել:

Քաղաքացիական հագուստով իրավապահներից մեկն էլ խոչընդոտել է «Հայկական ժամանակի» թղթակցի աշխատանքը հարվածել է նրա լուսանկարչական սարքին, հրել է նրան և պահանջել՝ իրեն չնկարել: Այս հրապարակումն՝ ի դեպ նաև հաղորդում է հանցագործության մասին, քանի որ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը քրեական հանցագործություն է:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’