‘Իշխանությունները ստում են. ՍԴ-ն չի արգելել ցուցակների հրապարակումը’

1864

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից պարբերաբար արծարծվում է ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման հարցը։ Իշխանության մի շարք ներկայացուցիչներ, հակադրվելով այդ գաղափարին, ի թիվս այլ պատճառաբանությունների՝ նշում են նաև այն, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումն ուղղակիորեն արգելված է Սահմանադրական դատարանի որոշմամբ։

Սահմանադրական դատարանի որոշման շահարկման կանխման նպատակով «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» փորձել է ի հայտ բերել, թե իրականում ի՛նչ է վճռել այդ դատարանը:

ԻՔՄ-ն նշում է, որ արգելման վերաբերյալ ձևակերպումն ի սկզբանե սխալ է՝ ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով, որոնց դատական համակարգին վերաբերող մասը ուժի մեջ կմնա մինչև Հանրապետության նորընտիր Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը) 100-րդ հոդվածը, որով և սահմանվում են Սահմանադրական դատարանի լիազորությունները, այդ դատարանին չեն վերապահում որևէ բան արգելելու լիազորություն՝ պարտականությունների սահմանումն օրենսդրի բացառիկ լիազորությունն է։ Դատարանն ընդամենը կարող է օրենքի կամ այլ իրավական ակտի այս կամ այն դրույթը ճանաչել Սահմանադրությանը հակասող կամ համապատասխանող։

Տվյալ դեպքում սահմանադրականության խնդիր առկա չէ, ինչը և փաստվել է Սահմանադրական դատարանի 2012թ. մայիսի 5-ի որոշմամբ։ Խնդրո առարկա որոշումը կայացվել է ՀՀ Ազգային ժողովի 29 պատգամավորների ներկայացրած դիմումի հիման վրա հարուցված դատական գործի քննության արդյունքում։

Ընդդիմադիր պատգամավորները, իրենց հերթին, դիմումով գտնում էին, որ ցուցակների չհրապարակումը հակասահմանադրական է, ինչը դատարանի կողմից հերքվեց: Սակայն դատարանը չասաց և չէր էլ կարող ասել, որ ցուցակների հրապարակումն է հակասահմանադրական, քանի որ նման հարց դրված չէր:

Դատարանն, ըստ էության՝ արձանագրել է, որ թե՛ հրապարակումը և թե չհրապարակումը հակասահմանադրական չեն:

ՍԴ որոշումը

Ուսումնասիրելով հարցը, դատարանը ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիրքորոշումները՝ հավելելով, որ դատարանը «…պաշտպանում է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» (Վենետիկի) եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստի կողմից 2002թ. հոկտեմբերին վավերացված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն», գտնելով, որ դա չի կարող ընկալվել որպես ստուգումների ժամանակ ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին ծանոթանալու անթույլատրելիություն: Սակայն, այս ամենով հանդերձ հարկ է արձանագրել, որ դա բացառապես իրավական դիրքորոշում է, այլ որոշման ոչ եզրափակիչ մասում ներառված իմպերատիվ մոտեցում փաստաթղթի սահմանադրականության վերաբերյալ, որը և պետք է համարվի վերանայման ոչ ենթակա և պարտադիր կատարման ենթակա։

Ավելին՝ այդ ամենից առաջ դատարանը մատնանշել է, որ «Իրավակարգավորման հնարավոր տարբերակների ու սահմանափակման շրջանակների ընտրությունը համարվում է տվյալ երկրի օրենսդիր մարմնի իրավասությանը վերաբերող խնդիր»։ Այսինքն, ՍԴ-ն այդ հարցը թողել է Ազգային Ժողովի հայեցողությանը:

Ըստ այդմ, օրենսդիրը հանգիստ կարող է բավարարել հանրային պահանջը՝ օրենքով սահմանելով ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման ինստիտուտ։

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, թե իշխանությունը չի հրապարակելու այդ ցուցակները, քանի որ չի ուզում խախտել դատարանի որոշումը: «Ինչ վերաբերում է ցուցակներին, Հայաստանում և որևէ երկրում որևէ իշխանություն իրավունք չունի խախտել Սահմանադրական դատարանի վճիռը: Կա Սահմանադրական դատարանի վճիռ, և մենք պարտավոր ենք այն իրականացնել: Նորմալ երկրում հնարավորություն կա՞ խախտել Սահմանադրական դատարանի որոշումը»,- ասել էր Շարմազանովը: Ճշտող հարցին՝ այդ որոշմամբ արգելվու՞մ է նշված ցուցակների հրապարակումը, Շարմազանովը վերահաստատել էր՝ «այո, արգելվում է»:

2012 թ.-ին Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 29 պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որով արգելվում է ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը: Դատարանը, սակայն, որոշել էր, որ այդ դրույթը չի հակասում երկրի Սահմանադրությանը:

Նախորդ հոդվածը‘«Մահվան քարավանի» նախկին հրամանատարը մեռել է «վախկոտի պես»’
Հաջորդ հոդվածը‘Դեռ տեղումներ չեն լինի’