‘Իշխանությունների պահանջով՝ չինացի պաշտոնյաներն արտասահմանից վերադարձրել են իրենց ընտանիքները’

1141

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում ավելի քան 280 պաշտոնյաներ  կոմկուսի տեղական կոմիտեի և կարգուկանոնի վերահսկման  տարածքային հանձնաժողովի պահանջով արտասահմանից ետ են բերել իրենց ընտանիքները: Այդ մասին հաղորդել է տեղական մամուլը:

Չինացի պետպաշտոնյաների ընտանիքները հաճախ են ապրում երկրի սահմաններից դուրս: Միայն Գուանդունում, տեղական իշխանությունների տվյալներով, հաշվվում են ավելի քան երկու հազար կուսակցական և պետական աշխատողներ, որոնց կանայք և երեխաներն արտասահմանում են բնակվում: Այդ երևույթն այնքան տարածված է, որ իր արտահայտությունն է ստացել չինարենում. նման մարդկանց անվանում են «մերկ չինովնիկներ»: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, որը ծավալվեց Սի Ցզյաոպինի իշխանության գալուց հետո, ՉԺՀ կառավարությունը որոշեց վերջ դնել այդ երևույթին: Արգելվեց այն պետպաշտոնյաների ծառայողական առաջխաղացումը, ում ընտանիքը մշտապես բնակվում է արտասահմանում:

«Պարտադիր չէ, որ «մերկ չինովնիկը» կոռումպացված լինի, սակայն նրանք ավելի հակված են նման հանցագործությունների»,- նշել է Գուանդուն նահանգի կարգուկանոնի վերահսկման հանձնաժողովի քարտուղարը:

 «Շատերի համար ընտանիքն արտասահման ուղարկելը հնարավորություն է տալիս շրջանցելու այն օրենքը, որը սահմանափակում է երեխաների քանակը, և երկրորդ զավակն ունենալ»,- նշել է մեկ այլ փորձագետ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Աբխազիայում պատրաստ են քննարկել երկաթուղու ապաշրջափակման հարցը’
Հաջորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս. թ. օգոստոսի 29-ից մինչև օգոստոսի 30-ը Կենտրոն վարչական շրջանում’