‘Իշխանություններն այլևս ադեկվատ չեն. Մամուլ’

1543

«Ժողովուրդ» գրում է, որ երեկ մայրաքաղաքում, միմյանցից տարբեր՝ 3 բողոքի ակցիաներ էին ընթանում, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ դժգոհողներն իրենց հերթին էին բողոքի ակցիա անում՝ կանգառներում հավաքված մարդկանց հորդորելով 100 դրամ ուղեվարձ վճարել:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախագահական նստավայրի դիմաց պահանջում էին վճարել իրենց չստացած աշխատավարձերը: Ազատության հրապարակում էլ իրենց հերթին հացադուլ և բողոքի ակցիա էին անցկացնում արցախյան պատերազմի ազատամարտիկները: Ու չնայած հասարակության համատարած դժգոհությանը, չնայած պարբերաբար անցկացվող բողոքի գործողություններին՝ իշխանությունները փորձում են չտեսնելու տալ կատարվողը. Սերժ Սարգսյանն՝ իր հերթին, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն՝ իր հերթին, մեկնել են արձակուրդ, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ երեկ գնացել էր Հանքավան՝ հանդիպելու ամառային ճամբարում հանգստացող երեխաներին: Փաստորեն՝ պետության առաջին երեք առանցքային պաշտոնները զբաղեցնող անձինք սեփական հանգիստը, շոուներն ու զվարճանքներն ավելի բարձր են դասում, քան ժողովրդի խնդիրները:  

Նույն թեմայով թերթի մեկ այլ հրապարակման մեջ կարդում ենք.

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ «մեծածախ» պարգևատրում է իրականացրել.

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նա միանգամից 16 հրաման է ստորագրել՝ պարգևատրելով կառավարության կազմի մեջ մտնող գրեթե բոլոր գերատեսչությունների՝ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, տեսչությունների ու մարզպետարանների ախատակազմերի ղեկավարներին:

Իսկ նման բարեհաճության պատճառը եղել են այս տարվա առաջին կիսամյակում կատարողականի արդյունքները»:

Նախորդ հոդվածը‘Պայքարի առաջին արդյունքները. Միջքաղաքային տրանսպորտը չի թանկանա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյայի կնոջ հետ Փարիզի ամենաթանկ բուտիկներում շրջելը դիվանագետի պարտականությունների մեջ չի մտնում. Մամուլ’