‘Իշխանուհի Դիանայի շրջազգեստները վաճառքի կդրվեն Լոնդոնում’

1037

Իշխանուհի Դիանայի մի քանի հանրահայտ շրջազգեստները, այդ թվում՝ նաև մուգ կապույտ թավշե զգեստը, որով նա 1985 թ. Սպիտակ տանը տրված ընթրիքի ժամանակ  պարեց ամերիկյան դերասան Ջոն Տրավոլտայի հետ, վաճառքի կհանվի Kerry Taylor աճուրդում, որը տեղի կունենա մարտի 19-ին, հաղորդում է աճուրդի տունը:

Աճուրդի տունը, որը վերջին տարիներին բազմիցս վաճառել է «լեդի Դիի» զգեստապահարանի նմուշներից, զգեստներն ստացել է ԱՄՆ-ից: Դրանք մահվանից մի քանի ամիս առաջ հենց իր՝ Դիանայի խնդրանքով 1997 թ. հունիսին վաճառվել են Նյու-Յորքի բարեգործական աճուրդներում: Զգեստներից մի քանիսը իշխանուհին կրել է Ավստրիա, Ավստրալիա, Բրազիլիա և այլ երկրներ կատարած պաշտոնական այցերի ժամանակ:

Աճուրդում ներկայացված զգեստները Դիանայի նախընտրած դիզայներների աշխատանքներն են: Նրանցից մեկը՝ Վիկտոր Էդելշտայնը, այն նշանավոր զգեստի հեղինակն է, որով նա ներկայացել էր Սպիտակ տանը արքայազն Չարլզի և իր պատվին կազմակերպված ընթրիքին՝ 1985 թ. նոյեմբերի 9-ին: Այդ երեկոն պատմության մեջ մտել է իշխանուհի Դիանայի և Ջոն Տրավոլտայի 20 րոպեանոց պարի շնորհիվ, որը դերասանն ինքը հետագայում անվանել է «հեքիաթային»:

Աճուրդը տեղի կունենա Kerry Taylor-ի կենտրոնակայանում: Զգեստների գները տատանվում են 20 հազարից մինչև 200 հազար ֆունտ սթեռլինգի սահմաններում, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում տեղակայված զորամասերից մեկում նորից զինվոր է մահացել ‘
Հաջորդ հոդվածը‘Մհեր Սեդրակյան. Էթիկայի խախտում եղել է երկկողմանի ‘