‘Իշխան Զաքարյան. Կարծում եմ, չարաշահումները պատժվում են’

805

Հանրության մեջ համոզում կա, որ Վերահսկիչ պալատի գործունեությունն օգտագործվում է այս կամ այն մարդու դեմ քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակով: Եթե բյուջեի չարաշահումների վերաբերյալ ՎՊ բացահայտումներին չեն հաջորդում պատիժները, մենք ստիպված ենք ընդունել, որ նշված մոտեցումը ճշմարիտ է:

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի վերընտրության վերաբերյալ քննարկման ընթացքում հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը նշեց, թե իր ղեկավարած կառույցը քաղաքական գնահատականների դաշտ չի մտնում:   
«Իհարկե, անպատժելիության դաշտում չենք, կարծում եմ, որ լինում են պատժի դեպքեր, եւ հասարակությունն իմանում է դրա մասին: Գուցե դա բավարար չէ, բայց ընդհանրապես եթե ասենք չկա, էդպես չէ», — նշեց նա:

«ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր հերթին հիշեցրեց այս տարվա հունիսին ՎՊ նախագահի արած` բյուջեի խոշորամասշտաբ չարաշահումների վերաբերյալ բացահայտումները, որից հետո Սերժ Սարգսյանի հրավիրած հայտնի խորհրդակցության ժամանակ  Զաքարյանին «հրապարակային դատափետման արժանացրին»:

«Արդյո՞ք ձեր վերանշանակումը կապված չէ նրա հետ, որ ձեզ վրա ազդել են, եւ ձեր մոտեցումներն այսուհետեւ ավելի փափուկ կլինեն, եւ դուք աչք կփակեք չարաշահումների վրա, որոնք եղել են անցած տարիներին», — հարցրեց Զուրաբյանը:

«Չեմ կարծում, որ մեզ վրա ազդելու խնդիր է դրված: Աշխատանքային խորհրդակցություն էր, որի ընթացքում նման բաներ կարող են լինել», — արձագանքեց Իշխան Զաքարյանը:

Լեւոն Զուրաբյանը հարցրեց նաեւ` արդյո՞ք ՎՊ-ը մտադիր է ստուգումներ անցկացնել այնպիսի ձեռնարկություններում, որոնք պատկանում են հայտնի օլիգարխներին, օրինակ` Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Ալեքսանյանին եւ Գագիկ Խաչատրյանին: Նա տեղեկացրեց, որ Կոնգրեսը հարցապնդում է ուղարկել Կառավարությանը, որը փաստում է, որ պետական միջոցների վատնումը հիմնականում տեղի է ունենում մինչեւ պետբյուջե հասնելը:  Եթե օիգարխները պատշաճ կերպով վճարեին հարկերը եւ մաքսերը, մենք կունենայինք լրիվ այլ բյուջե: Դուք ձեռնարկելո՞ւ եք արդյոք հետազոտություններ` պարզելու այս չարաշահումների ծավալը», — հարցրեց Լեւոն Զուրաբյանը:  

Իշխան Զաքարյանը նշեց, որ ՎՊ 2014թ. ծրագրում բյուջեի եկամտային մասը վերահսկելու ծրագիր ունեն, թեեւ նախկինում նման փորձ չի եղել:  Ինչ վերաբերում է արտոնյալ օլիգարխների ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելուն, ապա, ըստ ՎՊ նախագահի թեկնածուի, դրանք մասնավոր ձեռնարկություններ են:  

«Ինչքանով որ օրենքը թույլ է տալիս, կստուգենք: Մասնավոր ձեռնարկություններում մենք ստուգումներ ենք անցկացնում այնքանով, որքանով նրանք պետական ծրագրերի մեջ ընդգրկված են», — նշեց նա:

Նախորդ հոդվածը‘«Մերոնք դրսում». Յուրա Մովսիսյանը` հեթ-տրիկի հեղինակ’
Հաջորդ հոդվածը‘Բուռն քննարկում ԱԺ-ում. օրակարգից հանվեց «Կանանց և տղամարդկանց հավասարության մասին» օրենքի նախագիծը. Տեսանյութ’