‘ԻՊ-ն ցուցադրել է փարիզյան ահաբեկիչների «վերջին խոսքը»’

1161

Համացանցում մի տեսագրություն է հայտնվել, որը, ենթադրաբար, տարածել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Տեսագրության մեջ Արևմուտքի հասցեին սպառնալիքներով հանդես են գալիս ինը ահաբեկիչներ, որոնք ավելի ուշ ահաբեկչական գործողություններ իրականացրին Փարիզում: Տեսագրությունը կատարվել է նոյեմբերյան գրոհներից առաջ, սակայն համացանցում տեղադրվել է միայն այսօր: Բացի «Ֆրանսիան ծնկի բերելու» հայտարարություններից և հակաահաբեկչական կոալիցիայի անդամ երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների սպանությունները շարունակելու սպառնալիքներից՝ տեսահոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են Փարիզյան գրոհների մասնակիցները Սիրիայում մահապատժի ենթարկում  գերիներին:

Այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ համացանցում հայտնված տեսագրությունը չի կարող ստիպել Ֆրանսիային՝ հրաժարվելու ահաբեկչության դեմ պայքարից: «Մեզ ոչինչ չի կարող վախեցնել, ոչ մի սպառնալիք չի կարող ստիպել, որ Ֆրանսիան երկմտի ահաբեկչության դեմ պայքար մղելու հարցում»,- Հնդկաստանում պաշտոնական հանդիպման ընթացքում լրագրողներին ասել է Օլանդը:

Այսօրվա դրությամբ՝ Փարիզում նոյեմբերի 13-ին կատարված և 130 մարդու կյանք խլած հարձակումների ինը մասնակիցներ սպանված են, ևս երկուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Որ ճանապարհներն են փակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Յուրայ Յանոշիկը՝ սլովակների, լեհերի ու չեխերի «կռվածաղիկը»’