‘Իսինբաևային զայրացրել են իր մրցակիցների «ծիածանագույն եղունգները»’

1067

Ռուսաստանցի Ելենա Իսինբաևան, որը Մոսկվայում անցկացվող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում երեկ նվաճել է ոսկե մեդալ, դժգոհություն է արտահայտել մրցակցուհիների պահվածքից, ովքեր եղունգները ներկել են ծիածանի բոլոր գույներով: Այդ կերպ մարզուհիները համերաշխություն են հայտնել համաշխարհային հանրությանը, որը կտրուկ էր արձագանքել ռուսաստանյան իշխանությունների կողմից ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզն արգելող օրենքի ընդունմանը: Ինչպես հաղորդել է Спорт-Экспресс-ը, առնվազն երկու շվեդ մարմնամարզուհիներ համերաշխություն են հայտնել սեռական փոքրամասնություններին՝ մրցահրապարակ դուրս գալուց առաջ եղունգները ներկելով ծիածանի յոթ գույներով: Նշենք, որ նոր ընդունված օրենքի համաձայն՝ ծիածանագույն դրոշը, որպես ԼԳԲՏ-հանրության խորհրդանիշ, Ռուսաստանում համարվում է օրենքից դուրս:

Իր հերթին՝ Իսինբաևան հանդես է եկել գեյ-քարոզչությունն արգելող օրենքի պաշտպանությամբ: «Եթե մենք թույլ տանք զարգացնել այդ մշակույթը և այդ ամենով զբաղվել փողոցում, սարսափել կարելի է մեր երկրի համար: Չէ՞ որ մենք մեզ նորմալ, սովորական մարդիկ ենք համարում: Մեզ մոտ տղաներն աղջիկների հետ են ապրում, աղջիկները՝ տղաների: Պատմականորեն այդպես է ստացվել: Ռուսաստանում երբեք նման խնդիր չի եղել, և մենք ուզում ենք, որ դրանք ապագայում էլ չլինեն»,- հայտարարել է Իսինբաևան արտասահմանցի լրագրողների հետ ասուլիսում: Շվեդ մարմնամարզուհիների պահվածքը ռուսաստանցի մարզուհին բնութագրել է որպես Ռուսաստանի և նրա քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք: «Գուցե մենք տարբերվում ենք եվրոպացիներից և այլ երկրների քաղաքացիներից: Բայց սա մեր տունն է, և բոլորը պետք է հարգեն այն: Երբ մենք այլ երկրներ ենք մեկնում, աշխատում ենք ենթարկվել նրանց կանոններին», correspondent.net-ի փոխանցմամբ՝ հավելել է Իսինբաևան:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Տղաներին զգուշացրել եմ, որ մինչև սեպտեմբեր պետք է ամեն ինչ անեն’
Հաջորդ հոդվածը‘Արցախում իրավական և դատական բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել’