‘Իսլանդիան պաշտոնապես հրաժարվել է ԵՄ մտնելուց’

1075

Իսլանդիայի իշխանությունները պաշտոնապես ետ են կանչել Եվրոպական Միություն մտնելու դիմումը, որ տվել էին 2009 թ.: Այդ մասին մարտի 12-ին տեղեկացրել է Իսլանդիայի ԱԳՆ կայքը:

Դիմումը ետ կանչելու մասին ԵՄ Խորհրդում նախագահող՝ Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգար Ռինկևիչի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Գուննար Բրագի Սվենսոնը: Նա Ռինկևիչին է փոխանցել ԵՄ ղեկավարությանն ուղղված նամակն այն մասին, որ Ռեյկյավիկը հրաժարվում է վերսկսել բանակցությունները Եվրամիություն մտնելու վերաբերյալ:

Սվենսոնը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Իսլանդիայի որոշումը նրան ազատում է այն պարտավորություններից, որ նախորդ կառավարությունն ստանձնել էր Եվրամիության առջև: Նա նաև ցանկություն է հայտնել ընդլայնել  Ռեյկյավիկի և Բրյուսելի համագործակցությունը:

Իր հերթին՝ Ռինկևիչն ընդգծել է, որ հարգում է Իսլանդիայի կառավարության որոշումը և պաշտպանում է «դրական և սերտ» համագործակցության կուրսը ԵՄ-ի և Իսլանդիայի միջև:

Իսլանդիան Եվրամիություն մտնելու հայտ էր ներկայացրել 2009 թ., երբ ծանրագույն տնտեսական դրության մեջ էր: Բանակցություններն սկսվել էին 2010 թ.: Սակայն արդեն 2013 թ. Իսլանդիայի նոր կառավարությունը, որ աջակենտրոն դաշինք էր ձևավորել, որոշում կայացրեց դադարեցնել բանակցությունները Բրյուսելի հետ և այդ հարցը դնել հանրաքվեի: Եվրամիության և Իսլանդիայի միջև լարվածություն էր առաջացել ԵՄ-ի՝ ձկնորսության նկատամամբ վարած քաղաքականության, ավելի ստույգ՝ ձկնորսության նկատմամբ սահմանված քվոտաների պատճառով, ինչին համաձայն չէին իսլանդական իշխանությունները: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քննիչը քրեական գործով ապացույցներ է կեղծել’
Հաջորդ հոդվածը‘Վալերի Ամոս. Սիրիայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը բանակցեն’