‘Իսկ արեւմտամե՞տ էր արդյոք հանգուցյալը’

1223

Իսկ արեւմտամե՞տ էր արդյոք հանգուցյալը: Ո՛չ, նա արևմտամետ չէր։ Նա մի ձայնագող էր, ով ընտրությունների ժամանակ տոկոս էր «խփում» և «այո»–ներ շռայլում այս ու այն կողմ։ Հասարակությունը չէր սիրում նրան, իսկ նա էլ չէր սիրում հասարակությանը։ «Ֆուտբոլասերն» ուզում էր հաճույք ստանալ Եվրոպայում և կույս մնալ ռուսների շրջապատում։ Բայց ամեն ինչ նաֆսվեց, և վրա հասավ «մահը»։

Մեր հերոսն ուզում էր հասարակության ու Հայաստանի հաշվին հավերժ իշխել և այդ իսկ պատճառով «նախաձեռնողական» էր դարձել։ Սակայն չար ռուսները վերջ դրեցին նրա «արևմտամետությանը», և հիմա նա Մաքսային միության մեջ է հայտնվել՝ «արևմտամետ» դհոլների տաշի–տմբլաների ներքո։ Հիշեցնենք, որ «հանգուցյալը» նախագահի աթոռին էր հայտնվել 10 զոհի, բազում վիրավորների ու հարյուրավոր քաղբանտարկյալների գնով, բայց «անկախ» մամուլը նրան հռչակել էր բարի թագավոր, ով չար բոյարների ու ռուսական իմպերիալիզմի դեմ իբր պայքարի էր ելել։

Նրան սիրում էին բազում «արևմտամետներ» և նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ», բայց դա չօգնեց, որպեսզի Հայաստանը հայտնվի քաղաքակիրթ Եվրոպայում, իսկ Սաշիկն էլ դառնա մարդու իրավունքների համահայկական դեսպանը։ Ռուսական հատուկ ծառայություններից ստացած մեդալն ու ադրբեջանական պարտշկոլայի դիպլոմն ընդամենը արևմտամետության մանկական հիվանդության դրսևորում էին։ «Հանգուցյալը» ուղն ու ծուծով«արևմտամետ» էր։ Նա «չերեզ» Թուրքիա ուզում էր դուրս գալ բաց ծով, սակայն գնդակը մնաց օդում։

Նա Թուրքիա գնաց բաց սահմաններով և մերոնց կերած գոլից հետո պոկում էր իր կողքին նստած Գյուլիմազերը։ Տխուր էր, քանզի հա՛մ Երևանում, հա՛մ Բուրսայում պարտվեցինք երկու գնդակի տարբերությամբ։ Անգամ Գյուլի կնոջ պատրաստած քյաբաբները չէին կարող սփոփանք հանդիսանալ։

Ձայնագողը նաև մեծ հումանիստ էր, քանզի քաղաքական աղբանոցից պեղել ու հասարակության ջանն էր նետել գեղամյաններին ու արասահակյաններին. քաղաքական նեկրոֆիլիան հոբի էր դարձել։ «Արևմտամետության» ռահվիրան նաև շռայլ էր, քանզի առատորեն վարձատրում էր գեղամյանաբար իր դեմ պայքարողներին։

Նաև սոցիալական ծրագրեր էր իրականացնում։ Նա աշխատանքի էր տեղավորում դաշնակցական հին ընկերներին ու ժամկետանց քաղգործիչներին։ Սնում ու կերակրում էր լրատվական դաշտի սկզբունքային մշակներին, ինչպես նաև պատգամավորական մանդատ էր տալիս երիտբոլշևիկներին։ Նա սիրում էր «քցել» ընկերներին ու տեղ էր տալիս բոլոր նրանց, ովքեր իրեն հայհոյել էին, ինչի պատճառով էլ ստացել էր «մեծն շախմատիստի» կոչումը։ «Հանգուցյալն» իսկական ընկեր էր, քանզի «անկախներին» պարբերաբար քսի էր տալիս իր հարյուր տարվա ընկերոջ վրա։

Նա սահմանադրական բարեփոխումներ էր նախաձեռնել, որպեսզի ազատվեր ժառանգորդ օպերացիայի հոգեմաշ գլխացավանքից, սակայն ավա՜ղ… Պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր, թող հողը թեթև լինի «հանգուցյալի» վրա։

Կարեն Հակոբջանյան

www. 7or.am 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ. Աշխատավարձերի նախատեսվող միջինացված աճը կազմելու է 20 տոկոս’
Հաջորդ հոդվածը‘Սամուել Էտո’օ. Ընտրեցի «Չելսիին»՝ Մոուրինյոյի և թիմի ամբիցիաների պատճառով’