‘Իսկ Սերժ Սարգսյանը տեսագրությունում չկա՞. Մամուլ’

4223

Եվ այսպես, Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունների տեսագրությունը հայտնվեց համացանցում: Թե ինչպես հայտնվեց, ում նախաձեռնությամբ, մոտաժվա՞ծ էր, թե ոչ, ո՞ւր է ամբողջ տեսագրությունը և այլն՝ այս հարցերը, մեր մեջ ասած, այնքան էլ էական չեն: Շատ ավելի կարևոր է մեկ այլ հանգամանք:

Փաստորեն՝ պաշտոնապես ոչ մի բիզնես չունեցող, բացառապես աշխատավարձով ապրող մարզպետի մի քանի միլիոն դոլարանոց տան վրա իբր հարձակում է լինում, պաշտոնապես թիկնապահ չունեցող մարզպետի թիկնապահներն ու հայտնի չէ, թե ուրիշ էլ ովքեր սկսում են կրակել, հետո այդ նույն տնից այնքան զենք ու զինամթերք է առգրավվում, որ դրանով կարելի էր մի ամբողջ գումարտակ զինել, և այսքանից հետո հասարակության մեջ «առողջ բանավեճ» է սկսվում՝ մեղավո՞ր է Սուրիկ Խաչատրյանը, թե ոչ:

Մեղավորն ու անմեղը դեռ մի կողմ թողնենք: Սուրիկ Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգություն է տեղի ունենում, աղմուկ, հարայ-հրոց, այդ ամենը շարունակվում է առնվազն 35 րոպե, և տարածքում այդպես էլ ոչ մի ոստիկան չի հայտնվում՝ այն դեպքում, երբ Գորիսն, ինչպես հայտնի է, փոքր քաղաք է, և քաղաքի մի ծայրից մյուսը կարելի է հասնել առավելագույնը հինգ րոպեում: Արձանագրենք այս փաստն ու անցնենք առաջ: Սուրիկ Խաչատրյանն ասում է «տանս վրա հարձակում է եղել, որ քո տան վրա հարձակում լիներ՝ դու ի՞նչ կանեիր»: Այդ մարդու մտքով անգամ չի անցում, որ Հայաստանը պետություն է, կան իրավապահ մարմիններ, կա օրենք, և նման դեպքերում հենց իրավապահներին էլ պետք է դիմել: Լավ, ենթադրենք՝ առաջին րոպեներին «վիճակը խառն էր», մտքներով չի անցել, բա հետագա կես ժամվա ընթացքում ինչո՞ւ չեն զանգել ոստիկանութուն: Որովհետև Լիսկան գիտի, որ Հայաստանում ոչ օրենք կա, ոչ ոստիկանություն, Հայաստանում վայրի միջնադար է, որտեղ ամեն մեկը զենքով է լուծում իր հարցերը: Հասկացա՞ք, թե ինչի մասին է խոսքը: Ենթադրենք՝ Լիսկան ճիշտ է ասում, ինքն իր համար քնած էր՝ «չար ուժերը» հարձակվեցին իր տան վրա: Ստացվում է, որ նույնիսկ մարզի առաջին դեմքը օրենքով պաշտպանված չէ և ստիպված է գործել ջունգլիի օրենքով: Հարց է ծագում՝ բա շարքային քաղաքացինե՞րն ինչ անեն:

Իհարկե՝ գոյատևել կարելի է նաև խաղի ա՛յս կանոններով: Բայց այդ դեպքում պիտի Հայաստանում թույլատրվի զենքի ազատ վաճառքը, և բոլոր քաղաքացիներն էլ իրավունք ունենան «մի քսան հատ շարել» իրենց նեղացնողների ճակատին: Ինչո՞ւ պիտի Լիսկան նման արտոնություն ունենա, իսկ մյուսները՝ ոչ: Ընդ որում՝ քաղաքացիները պիտի այդպիսի իրավունք ունենան բոլո՛ր դեպքերում: Օրինակ՝ պետությունը նվազագույն աշխատավարձ է սահմանել 45 հազար դրամը, իսկ գազի սակագինը դարձրել է 156 դրամ: Թոշակառուն ձմռանը չի կարող միաժամանակ ե՛ւ հաց առնել, ե՛ւ տունը տաքացնել, նա պիտի ընտրություն կատարի այդ երկուսի միջև: Այսինքն, պիտի որոշի՝ սովի՞ց է մեռնում, թե՞ ցրտից: Հիմա պատկերացրեք՝ գազի տեսուչը եկել է և ուզում է այդ մարդու գազն անջատել: Կարելի՞ է դա «ավազակային հարձակում» համարել: Իհարկե կարելի է, որովհետև դրանով նա փաստորեն այդ մարդուն կյանքից զրկելու փորձ է անում: Հետևաբար՝ այդ մարդը կարող է «մի քսան հատ շարել» գազի տեսուչի ճակատին: Բայց գազի տեսունչն էլ իր հերթին իրավունք ունի «գյուլլել» թոշակառուին: Հարևանն էլ իր հերթին իրավունք ունի «գյուլլել» այդ երկուսին (որովհետև իր հանգիստը խանգարում են): Սա՞ է պետության տրամաբանությունը: Եթե սա է՝ պրոբլեմ չկա. բոլորին մի-մի ատրճանակ բաժանեք, լուծարեք ոստիկանությունը, և կարճ ժամանակում ամեն ինչ տեղը կընկնի:

Փաստն այն է, որ Սուրիկ Խաչատրյանն իր ողջ «գիտակցական կյանքն» ապրել է որպես բանդիտ, դրա համար պարբերաբար մեդալներ է ստացել, ու իր համար ճակատագրական այդ օրն էլ իրեն պահել է որպես «բանդայի պարագլուխ», որին բանդայի շարքային անդամները փորձում են«պլստացնել»: Բայց սա Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի սարքած համակարգն է: Եվ ուշադրություն դարձրեք՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած պետական համակարգը (զինդատախազություն, մարզպետարան և այլն) նույնպես այս հարցին մոտենում է «քրեական ռազբորկաների» տրամաբանությամբ և գործնականում զբաղված է «ճիշտ ու սխալ» որոշելով:

2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո, ի դեպ, բարձրաստիճան պաշտոնյաները նեղ շրջանակներում մոտավորապես նույն բանն էին ասում ՝ «ախպեր, բա որ քու պաշտոնը ուզեին ձեռքիցդ խլեին, դու ի՞նչ կանեիր»: Այնպես որ, անկախ նրանից՝ տեսագրությունը մոնտաժված է, թե ոչ, այն հաստատ թերի է: Սերժ Սարգսյանը նույնպես պիտի երևար այնտեղ:

Մարկ Նշանյան
«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ակտիվ ստեղծագործման ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Facebook սոցիալական ցանցով չափազանց հրապուրվելը հանգեցնում է ընտանիքների քայքայման’