‘Իսպանական դասընթացներ Բրազիլիայում’

777

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլում տեղի ունեցավ թերեւս ամենաէկզոտիկ հանդիպումը. աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը խաղաց Թաիթիի հավաքականի հետ:

Թեպետ իսպանացիները երկրորդ կազմով էին խաղում, եթե դա, իհարկե,կարելի է երկրորդ համարել, միեւնույն է, հանդիպման միակ ինտրիգն այն էր, թե քանի գոլ կխփեն իսպանացիները, եւ թույլ կտան արդյոք, որ թաիթցիները գեթ մեկ գոլ խփեն եւ իրենց երկրում տոնակատարություներ սկսեն:

Իսպանիայի հավաքականը այդպես էլ գոլ բաց չթողեց, որքան էլ ամբողջ «Մարականան» այդ օրը երկրպագում էր թաիթցիներին, առաջ էր մղում, բայց կարգը մնում է կարգ: Իսպանիայի հավաքականը փոխարենը 10 գնդակ խփեց Թաիթիի հավաքականի դարպասը: Թաիթցիները, միեւնույն է, շատ երջանիկ էին, որովհետեւ խաղից հետո իսպանացիների հետ փոխանակեցին մարզաշապիկները: Կարելի է պատկերացնել, որ այդ մարզաշապիկները իրենց պատվավոր տեղը կգտնեն Թաիթիի ամենահեղինակավոր թանգարանում, եթե այդպիսին կա, իհարկե:

Այս խմբի մյուս խաղում Ուրուգվայի հավաքականը համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Նիգերիային եւ գործնականում ապահովեց իր տեղը կիսաեզրափակիչում, քանի որ վերջին տուրում նրա մրցակիցը կլինի Թաիթին: Նիգերիացիները դեռ չեն կորցրել կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունը, սակայն դրա համար պետք է 2 գնդակի առավելությամբ հաղթեն իսպանացիներին:

Կոնֆեդերացիաների Գավաթ

B խումբ, երկրորդ տուր

Իսպանիա – Թաիթի` 10:0

Ֆերնանդո Տորես, 5, 33, 57, 79, Դավիդ Սիլվա, 31, 89, Դավիդ Վիլյա, 39, 49, 64, Խուան Մատա, 66

Ուրուգվայ – Նիգերիա` 2:1

Դիեգո Լուգանո, 19, Դիեգո Ֆորլան, 51 — Ջոն Օբի Միկել, 37

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում բողոքի ցույցերը չեն մարում ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Դատապարտյալի ինքնասպանությունը ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ կալանավայրերում առկա բազում խնդիրներին’