Իսպանացի եպիսկոպոսը սիրահարվել է և հրաժարվել հոգևոր աստիճանից

463

Երբ օգոստոսին իսպանացի հոգևորական Խավիեր Նովելը հրաժարվեց եպիսկոպոսական պաշտոնից, կաթոլիկ եկեղեցին մանրամասներ չհաղորդեց՝ այդ քայլը բացատրելով  հոգևորականի անձնական նկատառումներով։

Սակայն այժմ իսպանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նախկին եպիսկոպոսը սիրահարվել է սատանայական թեքումով էրոտիկ վեպերի հեղինակ Սիլվիա Կաբայոլին։

Մինչդեռ Նովելին ճանաչող մարդիկ մինչև վերջերս չէին հավատա, որ եպիսկոպոսը նման կերպարանափոխության ընդունակ է։

2010 թ․ Կատալոնիայի Սոլսոնա քաղաքում 41-ամյա Նովելը դարձել էր այդ երկրում ամենաերիտասարդ եպիսկոպոսը։ Նա հանդես էր գալիս ի պաշտպանություն, այսպես կոչված՝ «կոնվերսիոն թերապիայի»՝  մարդու սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության փոփոխության՝ գիտականորեն չհիմնավորված մեթոդիկայի, որը ԼԳԲՏ-հանրությունը համարում է դաժան և ոչ մարդկային։ Նա նաև զբաղվում էր չարքերին քշելով։ Իսպանիայի կաթոլիկ եկեղեցին ի դեմս նրա՝ տեսնում էր նոր ծագող աստղի։ Ուստի շատ մեծ էր զարմանքը, երբ նա հրաժարվեց եպիսկոպոսական աստիճանից՝ իր իսկ ասելով՝ դրանից առաջ բազմաթիվ հանդիպումներ ունենալով Վատիկանի ներկայացուցիչների և անձամբ Հռոմի պապի հետ։

Ի դեպ, հենց չարքերի աշխարհն ավելի խորությամբ ուսումնասիրելու տենչն էլ նրան հանդիպեցրել էր Սիլվիա Կաբայոլի հետ, որը համարվում էր սատանապաշտության փորձագետ։ Նրա ստեղծագործություններից են  «Գաբրիելի տռփանքի դժոխքը» վեպը և «Ամնեզիա» եռագրությունը։ Նախաբաններից մեկում հեղինակն ընթերցողներին խոստանում է հաճելի ճամփորդություն սադիզմի, խելացնորության և հեշտանքի աշխարհում։

«Ես սիրահարվել եմ և ուզում եմ ամեն ինչ անել՝ ինչպես հարկն է»,- հայտարարել է Խավիեր Նովելը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿոնգրեսը կմասնակցի Գորիս համայնքի ավագանու ընտրություններին
Հաջորդ հոդվածըԹալիբներն իրենց կառավարությունը կներկայացնեն սեպտեմբերի 11-ին