‘Իսպանիայում ձերբակալվել է բասկ ահաբեկիչ «Սանտի Պոտրոսը»’

840

 Իսպանիայի ոստիկանությունը և Քաղաքացիական գվարդիան ձերբակալել են բասկերի ահաբեկչական ԷՏԱ խմբավորման նախկին ղեկավարներից Սանտյագո Առոսպիդե Սարասոլային, ով ավելի հայտնի է «Սանտի Պոտրոս» մականունով:

Գերատեսչության տվյալներով՝ Սարասոլան մասնակից է եղել 1987 թ. Քաղաքացիական գվարդիայի պարեկի դեմ Բարսելոնայում իրականացված ահաբեկչությանը, որի ժամանակ մի մարդ զոհվել էր, մի քանիսը վիրավորվել էին: Հենց այդ հիմքով էլ դատարանը ձերբակալության օրդեր է տվել:

Սանտի Պոտրոսը դատապարտվել էր նաև 1987 թ. Բարսելոնայի արվարձանում առևտրի կենտրոնում իրականացրած պայթյունի համար, որի արդյունքում զոհվել էր 21 մարդ: Այդ ահաբեկչությունն իրականացնելուց հետո նա փորձել էր թաքնվել Ֆրանսիայի տարածքում, սակայն նրան ձերբակալել էին և դատապարտել 10 տարվա ազատազրկման: 2000 թ. Սանտի Պոտրոսին հանձնել էին Իսպանիային, որտեղ նա դատապարտվել էր 790 տարվա ազատազրկման: Անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ԵՄ երկրներում պատիժը կրելու ժամկետը հարշվարկելու վերաբերյալ օրենսդրության փոփոխման կապակցությամբ  Սանտի Պոտրոսն ազատ էր արձակվել:

ԷՏԱ («Էուսկադի տա Ասկատասունա»՝ «Բասկերի երկիր և ազատություն») ահաբեկչական կազմակերպությունը հանդես է գալիս ի պաշտպանություն բասկերի տարածքի (Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավ-արևմուտքում) անկախության: Խմբավորումը ձևավորվել է 1959 թ., իր գոյության ավելի քան 50 տարիների ընթացքում  ԷՏԱ-ի կազմակերպած ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 800 մարդ: Թեև կազմակերպությունը հայտարարել է ահաբեկչական գործունեությունը դադարեցնելու մասին, Իսպանիայի և Ֆրանսիայի իրավապահ մարմինները շարունակում են հետապնդել խմբավորման անդամներին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները փորձել են արգելել մոմավառությունը՝ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում իրավիճակը հանդարտ է, չնայած ոստիկանության ձեռնարկած միջոցառումների (Տեսանյութ)’