‘Իսպանիան հրաժարվել է Կատալոնիային հարկային անկախություն տրամադրել’

1045

Իսպանիայի կառավարութունը մերժել է Կատալոնիայի խնդրանքը՝ հարկային անկախություն ստանալու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը՝ Կատալոնիայի նախագահ Արթուր Մասի հետ հանդիպմանը, փոխանցում է France-Presse գործակալությունը: Մասը, սակայն, ակնարկել է, որ իրենց մարզը մտադիր չէ հրաժարվելու սեփական հարկային համակարգ մտցնելու և այն ինքնուրույն տնօրինելու մտքից:

Օգոստոսի վերջին հաղորդվել էր, որ կատալոնյան կառավարությունը ֆինանսական օգնության ակնկալիքով մտադիր է դիմել Իսպանիայի իշխանություններին՝ հավակնելով ստանալ հինգ միլիարդ եվրո: Այդ պահին Կատալոնիայի պատքը գնահատվում էր 40 միլիարդ եվրո: Այդ ժամանակ Ռախոյը հանձնարարել էր անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Կատալոնիային:  

Տեղական մամուլում արդեն իսկ քննարկվում է Կատալոնիայի պատասխան քայլերի հարցը: Մասնավորապես՝ Մասը կարող է պահանջել արտահերթ ընտրություններ: Հաշվի առնելով շրջանի նշանակալի տնտեսական կշիռը (Կատալոնիան արտադրում է ողջ Իսպանիայի ՀՆԱ-ի 20 տոկոսը)՝ Իսպանիայի վարչապետի մերժումը կարող է բարդացնել ճգնաժամի մեջ թաղված երկրի վիճակը, նշում է France-Presse գործակալությունը:

Իսպանիան տարեսկզբից ետընթացի մեջ է և վերջին տասնամյակում լրջագույն ֆինանսատնտեսական ճգնաժամ է ապրում: Գործազրկության մակարդակը հասել է 25 տոկոսի, իսկ բանկային համակարգը հաջողվել է պահել միայն Եվրամիությունից 100 միլիարդ եվրոյի օգնություն ստանալու միջոցով: Բացի Կատալոնիայից՝ աջակցության ակնկալիքով կենտրոնական իշխանություններին են դիմել նաև Անդալուզիան և Վալենսիան:

Լուսանկարում՝ բողոքի ակցիա Բարսելոնում

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘Գարեգին Բ. Չնայած առկա մարտահրավերներին՝ պիտի շարունակենք զորացնել հայոց պետականությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մրցանակ են շնորհել գիտության ոլորտում կասկածելի նվաճումների համար’