Իսրայելը մեղադրում է Իրանին՝ սպանություն կազմակերպելու մեջ

409

Իսրայելի իշխանությունները մեղադրում են Իրանին Կիպրոսում ապրող իսրայելցի գործարարների նկատմամբ չկայացած մահափորձ կազմակերպելու մեջ։

Մեկ շաբաթ առաջ Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանյան անձնագիր ունեցող 38-ամյա մի ադրբեջանցու, որը, կիպրոսցիների և իսրայելցիների կարծիքով, հնարավոր է՝ վարձու մարդասպան է։

«Ծրագրված էր ահաբեկչական գործողություն, որը կազմակերպել էր Իրանը իսրայելցի գործարարների նկատմամբ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Առայժմ պարզ չէ, թե քանի մարդ և հատկապես ովքեր պետք է դառնային ենթադրյալ քիլլերի զոհերը (քիլլերի անունը չի նշվում)։

Կիպրոսա-իսրայելական ծագում ունեցող ամենահայտնի գործարարը միլիարդատեր Թեդդի Սագին է՝ Saqi Group-ի հիմնադիրը, որն զբաղվում է Playtech օնլայն-խաղերի ծրագրերի մշակմամբ։ Սակայն  Saqi Group-ը կտրականապես հերքում է, թե Սագին կարող է դառնալ պատվիրված սպանության զոհ։ Ժամանակի մեծ մասը գործարարն անցկացնում է Լոնդոնում։

«Սպանության թիրախը ոչ թե Թեդդի Սագին է, այլ Կիպրոսի իսրայելցիները։ Ցավոք՝ շատ հեշտ է չճշտված լուր հրապարակել և վնաս հասցնել մարդու հեղինակությանը»,- ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ։

Այնուհանդերձ, ընկերությունը նաև հաստատել է, որ չկայացած հանցագործությունը համարում է Իրանի ձեռքի գործը։

Թեհրանը հերքել է մեղադրանքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Աստղային ուղու» 90-ամյա դերասանը տեղ է ստացել Բեզոսի տիեզերանավում
Հաջորդ հոդվածըՊուշկովը կանխատեսում է Սաակաշվիլիի ճակատագիրը