‘Իսրայելը վրդովվել է թլպատման դեմ ԵԽԽՎ բանաձևից’

1315

Իսրայելի արտաքին գործոց նախարարությունը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին չեղյալ հայտարարել կրոնական թլպատումը դատապարտող բանաձևը՝ այն անվանելով «բիծ՝ այդ կառույցի բարոյական նկարագրի վրա»: Այդ մասին այսօր հաղորդել է The Jerusalem Post-ը: «Տղաների թլպատումը երկու կրոնների՝ հուդայականության և իսլամի հնագույն ավանդույթն է»,- ասված է նախարարության հայտարարությունում: Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ այն պնդումը, թե վիրահատական այդ միջամտությունը վտանգավոր է առողջության համար, կեղծ է, ուստի այդ բանաձևը «անհանդուրժելի գրոհ է» ինչպես կրոնական ավանդույթների, այնպես էլ «ժամանակակից բժշկության» նկատմամբ:

ԵԽԽՎ-ն բանաձևն ընդունել է հոկտեմբերի 2-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ: Բանաձևում շեշտվում է, որ վաղ հասակում տղաների թլպատումը «երեխաների ֆիզիկական անձեռնմխելիության խախտում է»: Նաև ԵԽԽՎ-ն անդամ-պետություններին կոչ է արել իրենց երկրներում բանավեճ սկսել, թե որքանով է թլպատումը հանդիսանում մարդու իրավունքների խախտում:

Կրոնական թլպատման օրինականության հարցն առաջին անգամ չէ, որ բարձրացվում է Եվրոպայում: Ամենահայտնին 2012 թ. գարնանը  ծագած սկանդալն է, երբ Քյոլնի դատարանը այդ ծեսը ճանաչեց քրեական հանցագործություն: Այդ որոշումը դժգոհություն առաջացրեց գերմանացի հրեաների և մուսուլմանների շրջանում: Արդյունքում՝ Գերմանիայի խորհրդարանը հատուկ օրինագիծ ընդունեց՝ մինչև 14 տարեկան երեխաների թլպատումը թողնելով ծնողների հայեցողությանը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Չինացի միլիարդատերը Լոնդոնում կվերականգնի Հախճապակյա պալատը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը մեկ ամսով կդադարեցնի աշխատանքները’