‘Իսրայելի նախագահն Իրանին առաջարկում է հրաժարվել միջուկային ծրագրից’

913

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն Իրանին առաջարկել է հրաժարվել իր միջուկային ծրագրից և դադարեցնել մեծ հեռահարության հրթիռների մշակման աշխատանքները: «Իրանը ժամանակավոր պայմանագիր է կնքել արևմտյան երկրների հետ, սակայն հաջողության կամ ձախողման մասին կարելի է դատել արդյունքներով, այլ ոչ թե խոսքերով,- ասել է Պերեսը և շարունակել:- Անկախ այն բանից, թե Իսրայելը որքանով է անհանգստացած այդ գործարքից, մենք իրանցի ժողովրդին մեր թշնամին չենք համարում: Մենք ընդհանուր պատմություն ունենք, որը ցույց է տալիս, որ կարող են բարեկամներ լինել: Այդ խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարելի է լուծել: Ես Իրանին կոչ եմ անում դադարեցնել  ահաբեկչությունը,  միջուկային ծրագիրը և մեծ հեռահարության հրթիռների պատրաստումը»,- ասել է Պերեսը Մեխիկոյում մեքսիկական սենատի առջև ելույթ ունենալիս: Պերեսի խոսքերով՝ միջազգային հանրությունը չի կարող հաշտվել միջուկային զենքի տիրապետող Իրանի հետ: «Իրանին ոչ ոք չի սպառնում: Երբ Իրանը դադարի սպառնալ ուրիշներին, ինքն էլ կազատվի այն բեռից, որ կրում է իր մեջքին: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այդ գործարքը հնարավորություն կտա Իրանի ժողովրդին ազատագրվել այն բանից, որը սպառնալիքի աղբյուր է հանդիսանում»,- ասել է Իսրայելի նախագահը: Պերեսը նաև նշել է, որ Իսրայելը բարեկամական ձեռք է մեկնում իր բոլոր հարևաններին, սակայն «բռնապետությունն ապագա չունի», փոխանցում է ria.ru-ն:

Նախագահ Պերեսը նաև անդրադարձել է Իսրայելի և Պաղեստինի վարչակազմի միջև ընթացող բանակցություններին՝ ընդգծելով, որ պաղեստինցիների հետ հակամարտությանը վերջ տալը հրեական պետության կարևորագույն խնդիրներից է: «Մենք ծնվել են ո՛չ նրա համար, որ իշխենք ուրիշներին: Մենք նպատակ չունենք տիրել մեզ չպատկանող հողերի: Եւ մենք դա ապացուցել ենք այն ժամանակ, երբ խաղաղություն կնքեցինք Եգիպտոսի և Հորդանանի հետ՝ նրանց վերադարձնելով բոլոր հողերն ու ակտիվները, որոնք մեր ձեռքում էին հայտնվել մեր կողմից չսանձազերծված պատերազմների արդյունքում», MIGnews-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Շիմոն Պերեսը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան գործարք է կնքել Իրաքի քրդերի հետ’
Հաջորդ հոդվածը’10 ամենաթանկ փողոցները’