‘Իսրայելի վարչապետը փորձելու է համոզել ԱՄՆ-ին՝ զիջումներ չանել Իրանին’

769

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն այսօր հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և, ինչպես սպասվում է, նրան համոզելու է չթուլացնել Ճնշումն Իրանի նկատմամբ և չխաբվել Իսլամական հանրապետության նոր ղեկավարության խաղաղասիրական հռետորաբանությունից: Իսրայելի ղեկավարները թերահավատորեն են տրամադրված ԱՄՆ-ի և Իրանի փոխհարաբերությունների լիցքաթափման նկատմամբ: Վարչապետ Նեթանյահուն միջազգային հանրության հետ փոխհարաբերությունները բարելավելու վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունները համարում է «ծխածածկույթ», որի ետևում Իրանը մտադիր է շարունակել իր ռազմամիջուկային ծրագիրը և փորձել թուլացնել պատժամիջոցների ճնշումը: ԱՄՆ մեկնելուց առաջ, որտեղ Նեթանյահուն, բացի Օբամայի հետ հանդիպումից, ելույթ է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, խոստացել է «ճշմարտությունը պատմել» Իրանի քաղաքականության մասին և ներկայացնել փաստեր, որոնք կապացուցեն Իսրայելի թերահավատության հիմնավորվածությունը, փոխանցում է ria.ru-ն:

Հիշեցնենք, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2009 թ., ելույթ ունենալով ռասիզմին դիմակայելու միջազգային կոնֆերանսում, Իսրայելն անվանել էր «ռասիզմի դրոշակակիրը», որից հետո եվրոպական մի շարք երկրների պատվիրակություններ, ի նշան բողոքի, լքել էին նիստերի դահլիճը: 2005 թ. Ահմադինեժադը հայտարարել էր, թե Հոլոքոստը առասպել է, և կոչ էր արել Իսրայելը տեղափոխել Եվրոպա, ԱՄՆ կամ Կանադա: Նրա խոսքերով՝ եթե գերմանցիներն ու ավստրիացիներն իրենց մեղավոր են զգում Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների ոչնչացման համար,  թող իրենց տարածքի մի մասը տրամադրեն նրանց: Նույն թվականին Թեհրանում երիտասարդական համաժողովում Ահմադինեժադը հայտարարել էր, թե «Իսրայելը պետք է ջնջել աշխարհի քարտեզից»:

Նախորդ հոդվածը‘Ջոնաթան Էյվս. «ԵՄ-ն քննարկում է Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո ստեղծված վիճակը»’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Կոստանյանը խոստանում է պայքարել կոռուպցիայի եւ անպատժելիության մթնոլորտի դեմ’