‘Իսրայելցի փորձագետ. Իսրայելական ռազմակայանների համար տարածք տրամադրելու դեպքում Ալիևը կվերածվեր ջիհադի թիրախի’

899

Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներն առաջվա նման չեն բացառվում: Այդ մասին հայտարարել է իսրայելցի փորձագետ Դավիթ Էյդելմանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում: Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն քննադատել է Իրանի հետ համաձայնագիրը, հայտարարելով, թե դա «ինքնախաբեություն» է, և փաստաթուղթը Թեհրանին չի խանգարի միջուկային զենք ստեղծել: Իսրայելի առաջնորդի կարծիքով, պատժամիջոցների ցանկացած մեղմում Իրանին կդարձնի պակաս զիջող ապագայում: 

Էյդելմանն ընդգծել է, որ Նաթանյահուն չի վստահում Իրանի ղեկավարությանը, չի հավատում նրա խաղաղ ձգտումներին, չի կարծում, թե Թեհրանն իրոք որոշել է հրաժարվել միջուկային զենքից: «Նրա մտավախությունը, հիմնականում, արդարացված է: Չէ՞ որ առանց միջուկային զենքի էլ Իրանն արդեն քառորդ դար վնասում է մեր երկրին`  աջակցելով տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների: Նաթանյահուն երկար ժամանակ նախապատրաստվում էր իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծմանը: Միայն այդ գործողության նախապատրաստման համար Իսրայելը շուրջ 4 մլրդ դոլար է ծախսել: Իսրայելի ղեկավարությունը մինչ օրս այդ օբյեկտներին հարվածը համարում է հնարավոր տարբերակներից մեկը», — ընդգծել է իսրայելցի փորձագետը: Նրա խոսքով, Ժնևի համաձայնագիրն ուժգին հարվածում է Իսրայելի միջազգային դիրքերին, և շատերը երկրի ներսում դա դիտարկում են որպես իսրայելական դիվանագիտության և Նաթանյահուի կառավարության արտաքին քաղաքական գծի խոշոր ձախողում:

Էյդելմանը թերահավատորեն է վերաբերվում ԻԻՀ օբյեկտներին հարվածելու համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու հնարավորությանը: Նա չի կարծում, թե Իսրայելի ռազմակայաններն իրոք գտնվում են Ադրբեջանի տարածքում: «Ավելին, այդպիսի ռազմակայաններ չկան, և հարցը նույնիսկ  այն չէ, որ նման ռազմակայանների գոյությունը հերքում են պաշտոնական Երուսաղեմն ու պաշտոնական Բաքուն: Բանն այն է, որ ժամանակակից արբանյակների և հետևելու այլ միջոցների առկայության դեպքում հնարավոր չէր լինի թաքցնել այդպիսի ռազմակայանները»,- նշել է նա:

Նա ավելացրել է, որ Իսրայելի համար չափազանց անխելամիտ կլիներ անսքող օդային ռազմակայան պահել Ադրբեջանի տարածքում` մի պետության, որի հետ հրեական պետության նույնիսկ դիվանագիտական հարաբերությունները թերի են (Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն չկա):

«Իսկ Ադրբեջանի համար բնավ խելամիտ չէ ռազմակայաններ տրամադրել իսրայելցիներին, եթե նրանք նույնիսկ դեսպանատուն չեն կարող բացել Իսրայելում` զգուշանալով տասնյակ արաբական երկրների ցասումից: Դա չափազանց անխելամիտ կլիներ անձամբ մահմեդական երկրի նախագահ Իլհամ Ալիևի համար, քանի որ այդ դեպքում նա կվերածվեր իսլամական ահաբեկչության անձնական թիրախի, կդառնար ջիհադի թիրախ: Իլհամ Հեյդարովիչի մասին շատ բան կարելի է ասել, սակայն նա, հաստատ, խելագար չէ: Եվ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի նախկին դասախոսը մի քիչ գլուխ է հանում միջազգային հարաբերություններից: Սակայն հարցը, նույնիսկ, միայն դիվանագիտությունը չէ: Եթե ենթադրենք, որ Իսրայելն իր ռազմակայանները տեղակայի լքված խորհրդային օդանավակայանների տարածքում: Այդ ռազմակայաններն ո՞վ կպաշտպանի Իրանի նախահարվածից: Ադրբեջանի ՀՕ՞Պ-ը: Ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, սակայն ողջ հարգանքով հանդերձ`  դա անլուրջ է», — ամփոփել է Էյդելմանը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ԼՂՀ-ի ներկայացուցիչը բողոքել է ամերիկահայ լրագրողի դեմ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. «Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարողները հըլը թող իրենց անունը գրել սովորեն»’