‘Իվանիշվիլին մեծ հույսեր ունի «մեծ հարեւանի»՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում’

779

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը համարում է նոր իշխանությունների «ամենամեծ խնդիրը եւ ամենամեծ ցանկությունը»:

«Ազդակները բավական դրական են: Իմ զգացողությամբ եւ վերլուծությամբ, մենք բոլոր հնարավորություններն ունենք՝ մեր մեծ հարեւանի հետ հարաբերությունները կարգավորելու», — ասել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն սկսվել է՝ դրա մասին են վկայում Ռուսասըանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումները Մոսկվայի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ՝ վրացական պատվիրակության այցը Ռուսաստան՝ վրացական գինու արտահանման հարցը կարգավորելու նպատակով:

«Նախորդ կառավարությունը, որն այժմ ընդդիմության մեջ է, ինքն էր սահմանափակում ռուսաստանյան շուկայի հետ շփումները», — նշել է վարչապետը՝ հավելելով, որ վրացական գյուղատնտեսությունը մեծապես շահագրգռված է Ռուսաստանի հետ առեւտրով:

Միեւնույն ժամանակ, Իվանիշվիլին նշել է, որ Վրաստանի ամենամեծ ռազմավարական գործընկերը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, իսկ երկրի արտաքին քաղաքական ռազմավարությունը՝ եվրաինտեգրացիան:

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձինք հրկիզել են «Շրջանների կուսակցության» գրասենյակը Լվովում’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասի ձեռքի գիպսը հանեցին’