‘Իվանիշվիլի. Սահակաշվիլին պետք է հրաժարական տա ‘

1037

Վրաստանցի միլիարդատեր, նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել նախագահ Սահակաշվիլուն՝ հրաժարական տալ եւ նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ:

«Ելնելով այն բանից, որ նա (Սահակաշվիլին) կարողացել է հայտարարել իր կուսակցության՝ ընդդիմադիր դաշտն անցնելու մասին, տրամաբանական կլիներ, որ նա հայտարարեր նաեւ իր հրաժարականի եւ արտահերթ նախագահական ընտրություններ ամցկացնելու մասին», — РИА-Новости-ի փոխանցմամբ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իվանիշվիլին: Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք իր գլխավորած դաշինքը խորհրդարանում նախագահի իմփիչմենթի գործընթաց կնախաձեռնի, Իվանիշվիլին նշել է, թե «լավ կլիներ, որ նա ինքն այդ անի»:

«Ազնվորեն ասած՝ ես նրա ապագայով մտահոգված չեմ, բայց այդ քայլով նա կփրկի իր դեմքը», — ասել է Իվանիշվիլին:

Նա բարձրացրել է նաեւ նոր սահմանադրության անհրաժեշտության հարցը:

Նշենք, որ Վրաստանի գործող սահամանդրությամբ ավելի լայն իրավասություններ են տրվում խորհրդարանին եւ կառավարությանը՝ սահմանափակելով նախագահի լիազորությունները որոշումների կայացման հարցում:

«Սահակաշվիլին սահմանադրությունը «կարել է իր հագով», թողնելով նրանում թակարդներ, որոնք հնարավորություն կտան նրան պահպանել իր իշխանությունը: Նման սահմանադրություն ոչ ոք չունի: Իհարկե, սահմանադրության հարցում որոշակի դժվարություններ կլինեն, բայց մենք պետք է դուրս գանք այդ դրությունից; Հակառակ դեպքում մենք որոշակի փուլում կբախենք ճգնաժամի հետ», — ասել է Իվանիշվիլին՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ արդեն մասնագետներ են աշխատում:

Վրաստանի ԿԸՀ տվյալներով, «Վրացական երազանք» դաշինքը ձայների 88,7%-ի հաշվարկից հետո հաղթում է ընտրություններում ձայների 54,84% — 40,42% հարաբերակցությամբ:

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը ԵԽ Նախարարների կոմիտեից Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ պարզաբանում է պահանջել ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Նման պայմաններում Հայաստանի եւ Վրաստանի զարգացման տեմպերի տարբերությունը միայն աճելու է’