‘Իտալիայում վախճանված նացիստի ընտանիքը կորցրել է նրա դիակը’

845

CC-ի նախկին սպա Էրիխ Պրիբկեի ընտանիքը չգիտի, թե որտեղ է գտնվում նրա դիակը: Այդ մասին երեկ տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում անելով ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Պաոլո Ջակինիին: Վերջինս հաղորդել է, որ Պրիբկեի չկայացած հուղարկավորությունից հետո նրա դագաղը գերեզմանատնից տարել է մոտավորապես 30 հոգուց բաղկացած մի խումբ: Դրանից հետո, փաստաբանի խոսքերով, պաշտոնական անձինք հրաժարվել են հայտնել, թե որտեղ է գտնվում այն: Ջակինին այս իրավիճակն անվանել է «չլսված բան», երբ դագաղը ուժի գործադրմամբ տանում են անհայտ ուղղությամբ՝ «առանց ինչ-որ ծանուցման կամ տեղեկացման»:

Պրիբկեի հուղարկավորությունը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 15-ին, Հռոմից ոչ հեռու՝ իտալական Ալբանո-Լացիալե քաղաքում: Արարողությունը, սակայն, ընդհատվել էր ոստիկանության կողմից, երբ հուղարկավորության առնվազն 500 հակառակորդներ բողոքի ցույց էին կազմակերպել գերեզմանատանը, ապա ընդհարվել իրենց վրա հարձակում գործած 30 նեոնացիստների հետ:

Էրիխ Պրիբկեն մահացել է հոկտեմբերի 11-ին, 100 տարեկան հասակում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է CC-ի զորքերում և մասնակցել նացիստների հանցագործություններին: Մահվանից հետո նրա դիակը հրաժարվեց ընդունել, նախ՝ Արգենտինան, որտեղ նա պատերազմից հետո ապաստանել և ապրել էր 50 տարի, ապա՝ Գերմանիան, ուր ծնվել էր: Վատիկանն էլ արգելեց հոգեհանգստի արարողություն անցկացնել Հռոմի տարածքի որևէ կաթոլիկ եկեղեցում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կասպերսկու լաբորատորիան Հայաստանին կաջակցի կիբեռտարածության պաշտպանության հարցում’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության «եվրոմեղրից» այծի պանրի հոտ է գալիս’