‘Իտալիա — Հայաստան՝ 2-2. Եվ կրկին փորձված «դրսի» տարբերակ’

1352

Հայաստանի հավաքականը անցկացրեց խաղամակարդակի առումով իր լավագույն ընտրական փուլը, որտեղ միայն կադրային խնդիրներն ու Մալթայից կրած սենսացիոն պարտությունը կարողացան խանգարել նվաճել անցումային խաղերի իրավունք:

Պրանդելլին մեկնարկային կազմ դուրս չէր բերելու և փորձելու էր փորձարկումներ անել ԱԱ 2014-ի ընտրական վերջին տուրում. դա քննարման առարկա չէր: Կարևոր էր այլ հարց. արդյո՞ք Մինասյանը կփորձի նույնը, թե՞ հերթական անգամ կօգտագործի դեռևս նախորդ ընտրական փուլից «դրսի» տարբերակ կոչվող երկու հենակետայինով խաղը:

Մինասյանը բուլղարացիների դեմ «4-1-4-1-ից» կրկին վերադարձավ «4-2-3-1-ին», քանի որ անկախ այն փաստից, որ Իտալիան որևէ լուրջ մոտիվացիա չուներ (երևի թե ամենալուրջը ԱԱ-նների ընտրական փուլերում առաջին պարտությունից խուսափելն էր) Մոնտոլիվոյի և Պիրլոյի դեմ դուրս գալ մեկ, այն էլ` ոչ ֆիզիկապես հզոր հենակետային Մկրտչյանով, սխալ կլիներ: Միակ փոփոխությունը կազմում` Կամո Հովհաննիսյանին, ով բացահայտ կերպով ուղղակի տապալում էր ամբողջ աջ եզրը թե’ Դանիայի, թե Բուլղարիայի դեմ խաղերում, փոխարինել էր Հրայր Մկոյանը: Այն, որ Մկոյանը աչքի չի ընկնում իր ճկունությամբ և կարող էր խնդիրներ ունենալ եզրում յուրաքանչյուր իտալացու դեմ,  միևնույն է` չխանգարեց Մինասյանին հենց նրան ընտրել Հովհաննիսյանին, իսկ իրականում` Սարգիս Հովսեփյանին փոխարինելու համար:

Երկար պատմել անկախությունից հետո երևի թե ամենաշատ հեռուստադիտողն ունեցած խաղի մասին, չարժե: Անդրադառնանք միայն կարևոր կետերին` հենց սկզբից նշելով, որ երեկվա խաղը շատ ավելի մոտ էր ընկերական հանդիպումներին թե տեմպի, թե պայքարի առումով:

Հանդիպման մեկնարկին բացահայտ երևում էր իտալացիների այս կազմի` խաղակցվածության հետ խնդիրները. Պրանդելլին դանիացիների դեմ խաղի համեմատ կատարել էր 9 փոփոխություն: Դրան գումավեց նաև մեր հարձակման գծի բոլոր խաղացողների կողմից կիրառվող պրեսսինգը, ինչից հետո էլ ստեղծվեց Մովսիսյանի գոլը:

Առաջին խաղակեսում, մինչ Ֆլորենցիի կողմից հաշիվը հավասարեցնելը, կարելի էր առանձնացնել Օզբիլիսին, ով ամեն անգամ տանջում էր Մանուել Պասկուալին և Դավիդե Աստորիին: Բացի դա, նախորդ խաղերի համեմատ ավելի շատ էր աշխատում նաև Գևորգ Ղազարյանը: Ֆլորենցիի գոլը, իհարկե, որոշ առումով փոխեց խաղի տրամաբանությունն ու ընթացքը: Եդիգարյանն, իհարկե, կոպիտ սխալ գործեց և գնդակը պարզապես նվիրեց Օսվալդոյին, բայց մեր կենտրոնական պաշտպաններից և ոչ մեկը չփորձեց խլել գնդակը:

Երկրորդ խաղակեսը սկսվեց այնպես, ինչպես ավարտվել էր առաջինը, Պիրլոն և խաղընկերները հանգիստ, դանդաղ տեմով վերահսկում էին գնդակը, բայց Օսվալդոն և Ինսինյեն բավականաչափ վտանգավոր չէին:

Խաղի ընթացքը փոխեց, իհարկե, Մարիո Բալոտելլի խաղադաշտ դուրս գալը, ով հերթական անգամ դրսևորեց իր տաղանդն ու «լակոտությունը»: «Միլանի» հարձակվողի` մեր տուգանայինում «սուզվելը», այնպիսի հավաքականի հետ որը կարգով մի քանի անգամ զիջում է քեզ, և որը ամեն դեպքում հավասար պայքար է մղում քո դեմ, բացի դա` այնպիսի իրավիճակում, երբ հնարավոր հաղթանակը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից ոչինչ քեզ չի տալու, ոչ այլ ինչ է, քան անարգանք ֆուտբոլի և սեփական մասնագիտության հանդեպ:

Մխիթարյանի` գլխով գոլին Մարիոն պատասխանեց շատ շուտ` Պիրլոյի փայլուն փոխանցումից հետո, բայց այն որևէ կերպ չուղղեց նրա նախորդ արարքը: Արդյունքում` 2-2, որտեղ լավագույնները հերթական անգամ մեր առաջատարների եռյակն էր, գումարած Վարդան Մինասյանը:

Նախորդ հոդվածը‘Գրողների միության նախագահի թեկնածուները հայտնի են. Լիսկայի մտերիմը կպայքարի Էդվարդ Միլիտոնյանի և Դավիթ Սարգսյանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Սոբյանինն ասել է, որ Մոսկվայում միգրանտների որսը շարունակվելու է ‘