‘Իրադարձությունների զարգացման չորս սցենարները’

1210

«Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց եւ ասաց, որ Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա եւ Ավետարանի վրա կերդվի միայն իր դիակի վրայով։ Սա իսկապես կտրուկ քայլ էր, եւ կարելի է արձանագրել, որ դրանից հետո Հայաստանի ներքաղաքական իրավիճակում ինչ-որ բան փոխվել է։ Համենայն դեպս` Րաֆֆի Հովհաննիսյանը «վա բանկ» է գնում, ու հիմա արդեն իսկապես «զադնի տալ» չկա, որովհետեւ այլեւս չի կարող հենց այնպես մի օր վեր կենալ ու գնալ տուն», — գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

«Մյուս կողմից, սակայն, սա քաղաքական պայքար է, եւ ցանկացած քայլ գնահատվում է ոչ թե ըստ դրա գեղեցկության կամ անվեհերության, այլ ըստ նրա, թե որքանով է այդ քայլն արդյունավետ` վերջնական նպատակին հասնելու առումով։ Իսկ դա գնահատելու համար պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչ հնարավոր սցենարներով կարող են զարգանալ հետագա իրադարձությունները։ Այստեղ տարբերակները մի քանիսն են։

 1. Սերժ Սարգսյանն ահավոր ազդվում է Րաֆֆի Հովհաննիսյանի վճռականությունից, դառնորեն զղջում է ընտրությունները կեղծելու համար եւ որոշում է հետեւել Րաֆֆիի հորդորին ու հրաժարական տալ` դրանով իսկ իր անունը ոսկյա տառերով գրելով հայոց պատմության փառապանծ էջերում։ Սա, իհարկե, ամենաիդեալական տարբերակն է, բայց դրա հավանականությունը, համաձայնվեք, չնչին է։ Սերժ Սարգսյանը հաստատ այդպես չի վարվի։

2. Սերժ Սարգսյանն անդրդվելի է մնում, բայց Սահմանադրական դատարանի անդամների խիղճն անսպասելիորեն արթնանում է, ու նրանք որոշում են արդար վճիռ կայացնել։ Սա, համաձայնվեք, ավելի անհավանական տարբերակ է. մեր Սահմանադրական դատարանը երբեք նման վճիռ չի կայացնի։

3. Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է Ազատության հրապարակում հացադուլ անել, իսկ Սերժ Սարգսյանը, երկխոսության եւ հարցը «լավով» փակելու մի քանի անհաջող փորձերից հետո որոշում է թեման փակված համարել եւ երդմնակալության արարողությունը կազմակերպում է, ասենք, մարզահամերգային համալիրում։ Իսկ Րաֆֆին, որպես խոսքի տեր հայ տղամարդ, անժամկետ հացադուլը շարունակում է, հյուծվում, եւ (հեռու տնից-տեղից) «հրամայում երկար ապրել»։ Ներքաղաքական վիճակը, բնականաբար, ահավոր լարվում է, Սերժ Սարգսյանը մի քանի ամիս շարունակ մնում է տխրադալուկ ու վշտաբեկ, բայց երկրի վիճակը, մեծ հաշվով, դրանից չի փոխվում։ Ընդամենը մեծանում է Սերժ Սարգսյանի նկատմամբ հասարակության ատելությունը, ընդ որում` այդ ատելությունը լինում է է՛լ ավելի փոխադարձ։

4. Սերժ Սարգսյանն ինչ-որ պահի ինքն է գալիս Ազատության հրապարակ ու անձամբ հորդորում դադարեցնել հացադուլը, փոխարենը` խոստանալով կատարել Րաֆֆիի պահանջներից մի քանիսը։ Ի վերջո կողմերը հարգանքով պայմանավորվում են, եւ հետընտրական զարգացումները համարվում են ավարտված։ Սերժ Սարգսյանը պահպանում է իշխանությունը, այսինքն` երկրում մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։

Ինչպես տեսնում եք, անկախ նրանից` այս ամենն ի վերջո ողբերգության կվերածվի, թե կատակերգության` հեռանկարում իշխանափոխություն չի երեւում։ Կարող են, իհարկե, հարցնել, թե «լա՛վ, բա դո՞ւք ինչ եք առաջարկում, ի՞նչ պետք է անել»։ Նման հարցադրումը, կարծում ենք, արդեն ուշացած է, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն արել է իր քայլը։ Այս իրավիճակում իրական հաղթանակի հասնելու միակ հնարավորությունը (եթե մի կողմ դնենք հեղափոխական ռոմանտիկան) կլիներ Երեւանի քաղաքապետի ընտրություններին միասնաբար մասնակցելն ու հաղթելը, բայց զարմանալի զուգադիպությամբ` դա միակ կոնկրետ քայլն է, որին Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է։ Ոչ թե խոսքով, այլ գործով (խոսքով, իհարկե, կողմ է)։ Եվ ընդհանրապես` օրական միջին հաշվով 30-35 անգամ նա ասում է «սա իմ պայքարը չէ, սա Րաֆֆիի պայքարը չէ», բայց ամեն ինչ անում է, որպեսզի սա դառնա իր անձնական պայքարն իշխանությունների դեմ։ Ավելին, սեփական անձի վրա սեւեռվածությունը հրապարակ է բերում հենց այն պահին, երբ քաղաքական ուժերի առջեւ կարծես թե համագործակցության իրական դաշտ է բացվում` Երեւանի քաղաքապետի ընտրություններին միասնաբար մասնակցելու առումով։ Նա տեսնում է, որ հասարակության ուշադրությունը շեղվում է իր «համեստ անձից», եւ իսկույն վճռական քայլերի է դիմում` դա թույլ չտալու համար։ Ընդ որում` այդ իմաստով նրա քայլն իսկապես արդյունավետ է։ Այլ հարց է, թե ովքեր կօգտվեն այդ արդյունավետությունից։

 Հ.Գ. Հասարակությունն այս օրերին կարծես թե բաժանվել է` կան Րաֆֆիին հարգողներ եւ սատարողներ, նրան հեգնողներ եւ կարեկցողներ։ Բայց ուշադրություն դարձրեք` հարգանքը, հեգնանքը կամ կարեկցանքը քաղաքական կատեգորիաներ չեն։ Հասարակությունը նրան ընտրել է, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, եւ այսօր միայն մի հարց կարող է լինել` ճի՞շտ մարդու է ընտրել այդ նպատակն իրականացնելու համար, թե՞ սխալ»։

Նախորդ հոդվածը‘Փեսան Վատիկանում պարտվեց’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Արամայիս Սահակյանը’