‘Իրականում ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում’

5029

ԵԽԽՎ-ում այսօր տեղի ունեցած քվեարկությունները դեռ երկար կքննարկվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում: Արդեն գիտենք, որ ԵԽԽՎ-ն սկզբում մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ բանաձեւի նախագիծը, ապա ընդունեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձեւի նախագիծը:

Բնական է, որ մի կողմից իշխանությունները կհայտարարեն, թե Ուոլթերի հեղինակած հակահայկական բանաձեւի չընդունումը ՀՀ իշխանությունների դիվանագիտական փայլուն հաղթանակն է, իսկ Մարկովիչի բանաձեւի ընդունումը` ադրբեջանական խավիարային դիվանագիտության ջանքերի հետեւանք: Նույն կերպ կմատուցեն իրողությունը նաեւ Ադրբեջանում: Ու մի ահագին ժամանակ բոլորը եվրոպացիներին կմեղադրեն ծախված լինելու համար, կասեն՝ խախտել են հավասարակշռության ու չեզոքության սկզբունքը, կլինեն նաեւ այնպիսիք, որոնք «կթաղեն ծախու եվրոյոնջաների բոյը»:

Իսկ ի՞նչ է կատարվել ու կատարվում իրականում:

Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամ պետություններ են, հետեւաբար՝ այդ կառույցի խորհրդարանի ընդունած ցանկացած բանաձեւ անհետեւանք չի կարող մնալ անդամ պետությունների համար: Եւ եթե անգամ դրանց կատարման հարցում պարտադիրության բնույթ կրող հետեւողականություն չլինի ԵԽ-ի կողմից, ապա առնվազն գլխացավանքն ապահովված է:

Երբ 2008-ից հետո ԵԽԽՎ-ն մի շարք կարեւոր բանաձեւեր ընդունեց Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ, իշխանություններն, ինչպես հայտնի է, եթե կատարում էլ էին, ապա «կաթիլ-կաթիլ» էին կատարում բանաձեւերի պահանջները, բայց ԵԽԽՎ-ի կողմից այս դեպքերում առանձնապես հետեւողականություն չտեսանք էլ, եւ հենց դա էլ հնարավորություն էր տալիս իշխանություններին՝ ձգձգել պահանջների կատարումը, կամ` ընդհանրապես չկատարել դրանք: Ճիշտ է` կա նաեւ այն խնդիրը, թե որ դեպքերում եւ ինչու ԵԽ-ն կարող է հետեւողական լինել, եւ երբ ու ինչու`ոչ: Բայց սա արդեն այլ` քաղաքական շահերի հարց է: Այժմ, սակայն, դառնանք մեր խնդիրներին:

Ի տարբերություն այլ դեպքերի, այս բանաձեւերը դե ֆակտո վերաբերում են մի «շրջանի», որը ԵԽ անդամ չէ, ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Ճիշտ է` այդ կառույցների մեծամասնությունը ԼՂ-ն դե յուրե համարում է Ադրբեջանի մաս, սակայն՝ միայն թղթի վրա, որովհետեւ բոլորն էլ լավ հասկանում են, որ ԼՂ-ում որեւէ գործընթաց իրականացնելու իրական գործիքակազմ Ադրբեջանը չունի: Սրանից բացի, որքան էլ միջազգային կազմակերպություններում ԼՂ տարածքն ամրագրված լինի որպես Ադրբեջանի անքակտելի մաս, ԼՂ-ն համարվում է չլուծված հակամարտության գոտի, եւ նույն միջազգային հանրության կողմից տրված մանդատով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի եռանախագահությամբ, արդեն երկար տարիներ փորձում է կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը: Այդ նպատակով տեղի են ունենում բանակցություններ, ու թեեւ բանակցային երեք կողմերից մեկը` հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղն այսօր դուրս է մղված բանակցային գործընթացից (ինչը, բնականաբար, խեղաթյուրում է բանակցային գործընթացն ու հնարավոր հանգուցալուծումը), այդուհանդերձ, բանակցություններին մյուս երկու կողմերի մասնակցությունն արդեն փաստում է, որ ԼՂ կարգավիճակի հարցն իրականում դեռ առկախված է եւ կհստակեցվի միայն բանակցությունների ավարտից հետո, կողմերի փոխհամաձայնությամբ: Կոպիտ ասած, քանի դեռ Ադրբեջանը կամ Հայաստանը դուրս չեն եկել բանակցային գործընթացից, ճիշտ է` Լեռնային Ղարաբաղն անկախ չէ, բայց Ադրբեջանինն էլ չէ: Սա իրողություն է: Ադրբեջանն, իհարկե, պարբերաբար հայտարարում է, թե ուժով գրավելու է ԼՂ-ն, բայց դրա համար, նախ, պետք է դուրս գա բանակցային գործընթացից, ավելին, իհարկե՝ կարող է նաեւ հայտարարել, թե դուրս է գալիս բանակցություններից եւ ռազմական գործողություններ սկսել, բայց դա արդեն այլ հարց է: Այժմ, գոնե փաստացի կա բանակցային գործընթաց, եւ մեր ներկայիս իրողությունը սա է, ու քանի դեռ այդ իրողությունը չի փոխվել, մենք ելնում ենք հենց այդ իրողությունից:

Կոպիտ ասած, չնայած բանաձեւին, ո՛չ ԵԽ-ն, ո՛չ էլ Ադրբեջանն այսօր Ղարաբաղի իշխանություններին Սարսանգի ջրամբարի օգտագործումն արգելելու իրական գործիքակազմ չունեն, իսկ ինչ վերաբերում է ինժեներական աշխատանքներին, ապա Ղարաբաղի իշխանությունները բազմիցս կողմ են արտահայտվել դրան՝ նշելով, թե բաց են բոլոր միջազգային փորձագետների ու մասնագետների առաջ: Հետեւաբար, Սարսանգի ջրամբարի տարածքում ցանկացած աշխատանք սկսելու համար միջազգային դիտորդներն այս կամ այն եղանակով պիտի համագործակցեն, ինչպես իրենք են սիրում ընդգծել՝ ԼՂ դե ֆակտո ղեկավարության հետ:

Իրական խնդիրը, կամ ավելի ճիշտ՝ ծուղակը, այստեղ այլ է: Եւ հենց դա է Ադրբեջանի նպատակը: Ադրբեջանական դիվանագիտությունն այս կամ այն միջազգային կառույցներում, այս կամ այն հակահայկական բանաձեւ ընդունել տալիս՝ չի էլ ակնկալում, որ դրանք վաղը կյանքի կկոչվեն: Դա նրան պետք էլ չէ: Ադրբեջանին իրականում փաստաթղթեր են պետք` կոնկրետ ձեւակերպումներով, եւ դրանք պետք են միայն բանակցային ներկայիս խեղաթյուրված ֆորմատը, այսպես ասած, փաստաթղթավորելու համար:

Երբ, 2008-ից հետո, Սերժ Սարգսյանը ափալ-թափալ ստորագրեց Մայնդորֆյան հայտնի հռչակագիրը, ապա` Սոչիինը, իշխանական սազանդարներն այնտե՛ղ էլ ոչ մի վտանգավոր բան չտեսան, քանի որ թղթերում բարի ցանկություններ էին գրված, ոչ թե հակահայկական տեքստեր: Նրանք, սակայն, չտեսնելու տվեցին, որ իրական վտանգը ոչ թե այդ տեքստերն էին, այլ դրանց տակ դրված ստորագրությունները: Ավելի ճիշտ՝ դրանց շարքում Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրության բացակայությունը: Հիշեցնենք, որ այդ հարցով ստորագրված վերջին փաստաթուղթը Բիշքեկյան հայտնի համաձայնագիրն էր`բոլոր երեք կողմերի ստորագրությամբ: Դրանից հետո որեւէ նման փաստաթուղթ` նման բարձր մակարդակով չէր ստորագրվել:

Հայկական դիվանագիտության հրապարակային հայտարարությունների սնանկությունն այն է, երբ նրանց թվում է, թե ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը կախված է միայն, կամ հիմնականում՝ բանակցություններից, եւ չտեսնելու են տալիս կամ իսկապես չեն գիտակցում, որ այս դեպքում հանգուցալուծման վրա ամենամեծ ազդեցությունն ունի ոչ թե բուն բանակցությունն, այլ` դրա ֆորմատը: Դիվանագիտական այբուբենին տիրապետող ցանկացած ոք հասկանում է՝ եթե բանակցային կողմերը երկուսն են, նշանակում է` Ադրբեջանը ճիշտ է, տեղի է ունեցել օկուպացիա, այսինքն՝ ՄԱԿ-ի անդամ մի պետություն բռնազավթել է ՄԱԿ-ի մեկ այլ անդամ պետության տարածքի մի մասը: Այս դեպքում բնական է, որ հանգուցալուծումն ավելի շատ ի նպաստ երկրորդի կարող է լինել, քան` առաջինի: Իսկ եթե բանակցային կողմերը երեքն են, եւ երրորդ կողմը՝ Հայաստանը, ավելի շատ հանդես է գալիս որպես ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավոր եւ պատերազմի մեջ հետագայում ստիպված ներքաշված կողմ, նշանակում է, որ գործ ունենք միջազգայնորեն ընդունված մեկ այլ սկզբունքի` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ, ինչը փոխում է բանակցային ամբողջ գործընթացի էությունն ու նաեւ հանգուցալուծման հայամետության հավանականության աստիճանը: Իրական խնդիրը հենց այն է, որ Ադրբեջանն այս ամենը հասկանում է, իսկ հայկական կողմը, կարծես` ոչ:

Ադրբեջանը ոչ միայն հասկանում է, այլեւ հետեւողականորեն հենց այսպիսի քաղաքականություն է վարում, ժամանակը տալիս է նրան հնարավորություն` բազմաթիվ նման փաստաթղթերի թղթապանակ ունենալ եւ ժամանակն աշխատեցնել իր օգտին, որ ինչ-որ պահից նրա` իբր, օկուպացված լինելու մասին պնդումներն ապացուցող միջազգային ամենատարբեր փաստաթղթեր ունենա: Սա է ծուղակը:

Հիմա հարց. իսկ կարո՞ղ էր Հայաստանն ինչ-որ կերպ թույլ չտալ այսպիսի զարգացում ԵԽԽՎ-ում եւ, պոստ ֆակտում կռիվ տալու փոխարեն, կանխարգելել վտանգը: Կարո՛ղ էր: Բայց դրա համար Հայաստանի իշխանությունները եւ նրա դիվանագիտությունը (այդ թվում` խորհրդարանական), պետք է վարեին ոչ թե իշխանամետ (Սերժամետ), այլ` պետականամետ քաղաքականություն, դրա համար պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որի վրա ներազդելու լծակ չեն ունենա միջազգային կառույցները: Շատերին թվում է, թե իշխանության լեգիտիմության պակասը երկրի ներսում, ժողովրդավարական արժեքների պարբերական ոտնահարումը չնչին բաներ են, եւ դրանք չեն կարող էականորեն ազդել միջազգային հարաբերություններում նրանց վարքի ու նրանց հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի վրա: Դա կարող է չազդել միայն մի դեպքում, եթե դու շրջափակման մեջ չես երկու կողմից, եթե ունես բնական ռեսուրսների հսկայական պաշար ու հզոր տնտեսություն, իսկ քո դիվանագիտությունն էլ վստահում ես ոչ թե «բիգուձիավոր կանանց» եւ քո մայրենի լեզվին չտիրապետող անձին, այլ իրական մասնագետների: Բայց սա, ինչպես գիտենք, Հայաստանի մասին չէ:

Քրիստինե Խանումյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյանը` Գագիկ Ջհանգիրյանի շուրջ «ծավալված աղմուկի» մասին ‘