‘Իրակլի Ալասանիան անընդունելի է համարում քաղաքացիական օդանավերը կործանելու սպառնալիքները’

1222

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան անընդունելի է համարում քաղաքացիական օդանավերը կործանելու մասին սպառնալիքները: Այդ մասին մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ասուլիսում ասել է նախարար Իրակլի Ալասանիան: «Ցանկացած բանական մարդու համար նման գաղափարն անընդունելի է եւ կապ չունի` դա ասում է սովորական մարդը, թե նախարարը»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ` ասել է Ալասանիան: Նախարարը նաեւ նշել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր եւ ընդգծվել է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, որի համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել:

Ըստ Aravot.am-ի, Ալասանիան նաեւ համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը թույլ չի տա օգտագործել Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմական կայանն ի վնաս Վրաստանի շահերի. «Մենք արդեն խոսել ենք այն վտանգների մասին, որոնք կան տարածաշրջանում: Ռուսական ռազամակայանի ներկայությունը Հարավային Օսիայում եւ Աբխազիայում վտանգ են Վրաստանի համար: Ինչ վերաբերում է ռուսական ռազմակայանին, որ առկա է Հայաստանում, համոզված ենք, որ հայկական կողմը թույլ չի տա, որ այդ բազաները օգտագործվեն Վրաստանի շահերին ի վնաս»: 

Նախորդ հոդվածը‘Պատմվածքանման բան` հավատիս նման կիսատ-պռատ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյանը՝ իր «միամիտ» գործընկերուհուն. Շուշ ջան, պինդ կաց’