‘Իրակլի Օքրուաշվիլիի գործով վկաները հրաժարվել են իրենց ցուցմունքներից ‘

742

Վրաստանում 2004-2006 թվականների պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիի դատական գործով անցնող վկաները հրաժարվել են նախկինում տրված իրենց ցուցմունքներից, հայտնում է Интерфакс-ը:

Դատական նիստի ժամանակ 8 վկաներ հայտարարել են, որ նախկինում ստիպված են եղել Օքրուաշվիլիի դեմ ցուցմունքներ տալ քննչական մարմինների ճնշման տակ: Վկաների խոսքերով՝ հետաքննության ժամանակ իրենց ծեծի և կտտանքների են ենթարկել, ինչպես նաև սպառնացել հարազատների նկատմամբ հաշվեհարդարով:

Հունվարի 9-ին դատախազությունը հանդես է եկել Օքրուաշվիլիին և նույն գործով անցնող մի շարք այլ անձանց կալանքը գրավով փոխելու մասին միջնորդությամբ՝ բացատրելով, որ նրանց փախուստի դիմելը հավանական չէ, քանի որ նախկինում ինքնակամ են հանձնվել իրավապահ մարմիններին:

Օքրուաշվիլին ձերբակալվել է 2007 թ.՝ պաշտոնական դիրքի չարաշահման, դրամաշորթության  և հանցավոր անփութության մեղադրանքով: Մեղքը խոստովանելուց հետո նախկին նախարարին ազատ են արձակել գրավով, որից հետո նա քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայից: 2008 թ. Օքրուաշվիլիին հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի բենեֆիսն ու «Յուվենտուսի» կամային հաղթանակը’
Հաջորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյանը հերքում է տարածված լուրերը, թե Հայաստանում մարդու օրգանների վաճառքի մաֆիա է գործում’