‘Իրանական ռիալն իջնում է ոչ թե օր օրի, այլ ժամ-ժամ’

1301

Իրանական ռիալի կտրուկ արժեզրկումը հոկտեմբերի 3-ին Թեհրանում հանգեցրել է ցուցարարների եւ ոստիականական ուժերի միջեւ բախումների: Այս մասին ահազանգում են համաշխարհային լրատվամիջոցները: Արձագանքելով իրանական վերջին իրադարձություններին` «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը նշեց, որ Իրանն ապրում է տարադրամային խոր ճգնաժամ, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանը վերադառնա միջազգային ֆինանասական շուկա: «Առայժմ, ամերիկյան բանկերի կողմից իրանական բանկերին արտարժույթ չի վաճառում, և քանի որ Իրանը խոշոր ներկրող է, ապա սա լուրջ խնդիր է նրա համար: Իրանի կառավարությունը և Կենտրոնական բանկն  ունեին տարադրամային մեծ պահուստային ինտերվենցիաներ, որոնցով կարողանում էին զսպել իրանական տարադրամի կտրուկ արժեզրկումը: Ինետրվենցիաների պահուստը ավարտվեց, և շուկան ինքը ձևավորեց ռեալի իրական արժեքը, որն այսօր արդեն 1 դոլարի համար սահմանում է 38.000 ռեալ փոխարժեքը»,-ներկայացրեց Սարուխանյանը` հավելելով, որ իրավիճակը գնալով խորանում է:

Խնդրի առնչությամբ իրանագետի մտահոգությունը հաստատում է նաև թեհրանաբնակ պարսկուհի Մերիամը, ով նշում է, որ ռիալի արժեզրկումը բերում է դոլարի բարձրացմանը, ինչի հետևանքով թանկանում են ապրանքները. «Իրանը ապրանքների հումքը հիմնականում ներկրում է արտերկրից: Ռիալն իջնում է ոչ թե օր օրի, այլ ժամ-ժամ. առավոտյան ու երեկոյան խանութ մտնելիս արդեն ապրանքի գինը տարբեր է: Սա քայքայում է Իրանի տնտեսությունը»,-ընդգծում է նա:

Իրանյան տնտեսական իրավիճակով  պայմանավորված ինչպիսի՞ն կլինի Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների հոսքը` փորձեցինք պարզել  Հայաստան հաճախ այցելող պարսիկ զբոսաշրջիկ Բենոյից: Նրա խոսքով, դեռ այս գարնանն էր արդեն նկատվում զբոսաշրջիկների թվի նվազում, քանի որ Իրանում արդեն դոլարը շուրջ երկու անգամ թանկացել էր: «Ռիալն արժեզրկվում է, դոլարը` թանկանում. սրա պատճառով դոլար գնելը դառնում է բարդ, իսկ զբոսաշրջիկին դոլար է պետք»,-ընդգծեց նա: Իրանում 1 դոլարն արդեն արժե  38.000 ռիալ, այն դեպքում, երբ դեռ տարվա սկզբին մեկ դոլարի դիմաց փոխարժեքը կազմում էր 20. 500 իրանական ռիալ:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն իրանական վերջին իրադարձությունների առնչությամբ օրերս հայտարարել էր, որ այդ շրջանառվող թվերը «վկայում են  Իրանի հանդեպ ԱՄՆ տնտեսական ճնշման և սանկցիաների կիրառման անվիճելի հաջողության մասին»: Նա ավելացրել էր նաեւ, որ այդ պատժամիջոցները համարվում են «երկրի պատմության մեջ ամենակոպիտներից մեկը և Իրանի տնտեսությանը հասցնում են հզոր հարված»:

Արեւմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները կապված են Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու կասկածների հետ: Իրանական իշխանությունները հայտարարում են, որ իրենց միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և ուղղված է երկիրն էլեկտրաէներգիայով ապահովելուն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Հարկային ոլորտը իմ անձնական հսկողության ներքո է լինելու ‘
Հաջորդ հոդվածը‘Նեւեն Սուբոտիչ. Ինչ է, պետք է ձեռքս կտրեի՞’