‘Իրանը բոյկոտում է «Օսկարը»’

1345

Երկուշաբթի՝ սեպտեմբերի  24-ին, Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են բոյկոտել «Օսկար» մրցանակաբաշխությունը՝ հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ինչպես հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի նախարար Մոհամեդ Հոսեյնին՝ Իրանը կհարժարվի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը մասնակցելուց՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի, ինչպես նաև այն բանի, որ «Օսկարի» կազմակերպիչները հրապարակավ հանդես չեն եկել այդ սկանդալային ֆիլմի դեմ: Հոսեյնին նաև կոչ արեց մյուս բոլոր մահմեդական պետություններին հետևելու Թեհրանի օրինակին:

Ինչպես նշում է Reuters-ը, չնայած Իրանում գրաքննության առկայությանը՝ այդ երկրի կինո արտադրանքը տասնյակ տարիներ ի վեր լայն ճանաչում ունի ողջ աշխարհում և բարձր է գնահատվում կինոքննադատների կողմից: «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՝2012 թ. փետրվարին, Ասհար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» կինոժապավենն արժանացավ օտարալեզու լավագույն ֆիլմի համար նախատեսված մրցանակին:

«Մահմեդականների անմեղությունը» սիրողական ֆիլմը, որը բացասական լույսի ներքո է ներկայացնում Մուհամեդ մարգարեին, լայն ճանաչում ստացավ այս տարվա սեպտեմբերի սկզբին: Կինոժապավենը մահմեդականներով բնակեցված երկրներում զանգվածային հակաամերիկյան ցույցերի և ամերիկայն դեսպանատների վրա հարձակումների պատճառ դարձավ, որոնք  մի շարք դեպքերում ավարտվեցին մարդկային զոհերով:

Լուսանկարում՝ կադր «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից

Նախորդ հոդվածը‘Վարչապետը հանձնարարել է 40%-ով բարձրացնել մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը հաղթում է, Կառլսենը` սայթաքում’