Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հնարավորությունը

146

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել է, որ Իսրայելի դեմ պայքարի այլ ճակատներ բացել դեռ հնարավոր է։

«Հաշվի առնելով պաղեստինցիների դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիան և ռազմական հանցագործությունները, ինչպես նաև Գազայի շրջափակումը, ուրիշ ճակատներ բացելու հավանականություն կա»,- ընդգծել է նախարարը՝ Բեյրութ ժամանելուց հետո Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ իսլամական պետությունները «չպետք է հանդուրժեն Իսրայելի գործած հանցագործությունները»։ Նա ռազմական հանցագործություն է անվանել «քաղաքացիական բնակչությանը ջրից և էլեկտրաէներգիայից զրկելը, ինչպես նաև Գազայի բնակելի թաղամասերի անդադար ռմբակոծությունները»։

Աբդոլլահիյանը նշել է, որ Իրանը «շարունակում է քաղաքական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել պաղեստինյան դիմադրությանը»։ Նա շեշտել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան Պաղեստինին աջակցելու ընդհանուր ռազմավարության շրջանակներում «համակարգում են իրենց գործողությունները»։

Նախորդ հոդվածըWhoscored. Տիկնիզյանը լավագույնն էր Հայաստանի հավաքականի կազմում՝ Լատվիայի դեմ խաղում
Հաջորդ հոդվածըԹուրքիային հազիվ թե հաջողվի կարգավորել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը