‘Իրանը պահանջում է կատարել C-300 մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը’

979

Թեհրանը հետաքրքրված չէ Ռուսաստանից այդպես էլ չստացած C-300 զենիթահրթիռային համալիրները «Անթեյ-2500»-ով փոխարինելու առաջարկով: Այդ մասին Интерфакс-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Ռուսաստան է այցելել Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների հերթական փուլի նախօրեին: Մոսկվայում նա հերքել է այն տեղեկությունները, թե իբր Թեհրանը քննարկում է նոր համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդել է իրանական լրատվական գործակալություններից մեկը: Վերջինիս աղբյուրների հաղորդման համաձայն՝ Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այդ հարցով արդեն այցելել է Մոսկվա և նախատեսում է կրկին այցելել: Իր հերթին՝ Զարիֆը հայտարարել է, թե «այդ այլընտրանքը չի համապատասխանում Իրանի պահանջներին»: «Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք: Այդ պայմանավորվածությունն ամրագրում է մեր կարիքները որոշակի փուլում: Կարծում եմ՝ մեր ռազմական փորձագետները պետք է քննարկեն, խորհրդակցեն և տեսնեն, թե ինչ կարելի է անել»,- ասել է դիվանագետը:

800 միլիոն դոլարի C-300 մատակարարելու պայմանագիրը կնքվել է 2007 թ.: Երեք տարի անց Դմիտրի Մեդվեդևը, լինելով այն ժամանակ Ռուսաստանի նախագահը, չեղյալ էր հայտարարել պայմանագիրը՝ վկայակոչելով 1929 թ. ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, որը պատժամիջոցների հերթական փաթեթն էր սահմանում Իրանի նկատմամբ: Թեպետ համեմատաբար կարճ ժամանակում Մոսկվան Թեհրանին վերադարձրել էր  կանխավճարը՝ 167 մլն դոլար, Իրանը դիմել էր Ժնևի միջազգային կոմերցիոն դատարան՝ ՌԴ-ից պահանջելով փոխհատուցում՝ մատակարարումը ձախողելու համար: Դեպքն անսպասելի շարունակություն էր ունեցել. 800 մլն-ի փոխարեն՝ հայցում նշված էր 4 մլրդ դոլար: Ինչպես հետագայում պարզաբանել էր հայցվորը, նախաձեռնություն էր հանդես բերել դատարանը՝ հայցի մեջ ընդգրկելով C-300-ի մատակարարման ուշացման համար պահումները, ինչպես նաև՝ բարոյական վնասը, ու նույնիսկ՝ թերացումները մի շարք այլ ռազմական պայմանագրերի կատարման  հարցում: Թեհրանն ինքը ոչ մի նման փոխհատուցում չէր պահանջել, նշել էին Իրանի իշխանությունները:

Որպես C-300-ի այլընտրանք՝ Մոսկվան Թեհրանին առաջարկել է ևս մի տարբերակ՝ ТОР-М1Э զենիթահրթիռային համալիր, սակայն Իրանը չի համաձայնել: Մինչդեռ ենթադրվում էր, որ «Անթեյ-2500»-ին Թեհրանը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի, փոխանցում է newsru.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը մանդատը վայր է դրել’
Հաջորդ հոդվածը‘Պատրաստված է Ճապոնիայում. Կենդանի դրամապանակ’