‘Իրանը պարծենում է, որ կարողացել է մատների վրա «ֆռռացնել» բրիտանական հետախուզությանը’

1070

Միջուկային ծրագրի գծով Իրանի գլխավոր բանագնաց Սաիդ Ջալիլին սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ Թեհրանը հաջողությամբ ապատեղեկացրել է բրիտանական MI-6 հետախուզությանը, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով դիվանագետի՝ «Al-Hayat»-ին տրված հարցազրույցին:

Սաիդ Ջալիլին, որն զբաղեցնում է նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի  քարտուղարի պաշտոնը, պատմել է, որ Թեհրանը դիտմամբ գործակալներին կեղծ  տեղեկատվություն է մատուցել: Այդպիսով՝ Իրանը «պաշտպանել» է իր միջուկային օբյեկտները և տնտեսական շահերը, ինչպես նաև դիմակայել է արտասահմանյան հատուկ ծառայությունների  գործունեությանը: Ըստ դիվանագետի՝ իրենց հնարքը հաջողվել է. կեղծ տեղեկությունները հետագայում փոխանցվել են ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ),որն զբաղվում է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմամբ: «Երբեմն մենք (Իրանը) թուլություն ենք դրսևորում այնտեղ, որտեղ իրականում շատ ուժեղ ենք: Երբեմն էլ ուժ ենք ցուցադրում այն դեպքում, երբ թույլ ենք: Նման քաղաքականության արդյունքները հետագայում ակնհայտ են դառնում ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցություններում»,- պարզաբանել է Ջալիլին:

Իրանցի դիվանագետը չի նշել, թե կոնկրետ ինչ իրավիճակում և ինչ տվյալներ է Թեհրանը փոխանցել գործակալներին: Մամուլն առայժմ չի հայտնում , թե Լոնդոնն ինչպես է արձագանքել Ջալիլիի հայտարարությանը:

Լուսանկարում՝ Սաիդ Ջալիլին

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի Լիգա. բոլոր արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար. Բակո Սահակյան ‘