‘Իրանի ԱԳՆ. Նորվեգիայում իրանցի դիվանագետը քաղաքական ապաստան չի խնդրել’

852

Իրանի իշխանությունները հերքում են ԶԼՄ-ների հաղորդած այն տեղեկությունները, թե Օսլոյում Իսլամական Հանրապետության դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը քաղաքական ապաստան է խնդրել: «Նորվեգիայում Իրանի դեսպանատան վարչական բաժանմունքի աշխատակիցներից մեկն իր աշխատանքային գործուղման ավարտից հետո, ընտանեկան հանգամանքների բերումով, առայժմ չի վերադարձել Թեհրան»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները, հղում անելով նորվեգացի փաստաբան Յորգեն Լևդալին, հաղորդել էին, թե դեռ դեկտեմբերին իրանցի դիվանագետը քաղաքական ապաստան է խնդրել: Քանի դեռ նորվեգական իշխանությունները քննում են դեսպանատան աշխատակցի դիմումը, նա ընտանիքի հետ միասին թաքնվում է անհայտ վայրում:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, չնշելով դիվանագիտական առաքելության աշխատակցի անունը, նշել է, թե «համապատասխան փաստաթղթեր են ձևակերպվել նրա գործուղման ավարտի վերաբերյալ, և Նորվեգիա է ուղարկվել նրան փոխարինողը»:

Ի դեպ, հայտնի են մի քանի դեպքեր, երբ իրանցի դիվանագետները քաղաքական ապաստան են խնդրել Նորվեգիայում: 2010 թ. սեպտեմբերին նման կերպ էր վարվել Բելգիայում Իրանի դեսպանատան մամուլի հարցերով խորհրդական Ֆարզադ Ֆարխանգիյանը: Նույն թվականի փետրվարին Նորվեգիան քաղաքական ապաստան էր տրամադրել Օսլոյում Իրանի գլխավոր հյուպատոս Մոհամադրեզե Հեյդարիին, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Եվ այդ «ինչ-որ մի» շնորհավորողն ԱՄՆ-ից Ջոն Քերրին է’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» դժգոհ է, որ «Ռեալի» հետ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մալյենկոն’