‘Իրանի նախագահ Հասան Ռուհանին հաստատել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը’

963

Իրանի Իսլամական Հնարապետության նախագահ Հասան Ռուհանին մտավախություն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի առիթով և, ըստ էության, հաստատել է այդ երկրում քիմիական զենք կիրառելու փաստը: Այդ մասին այսօր հաղորդել է ISNA լրատվական գործակալությունը: «Կարևոր եմ համարում հայտնել ցավակցություններս և անհանգստությունս տարածաշրջանում վերջին իրադարձությունների կապակցությամբ,- ասել է Ռոհանին և հավելել:- Շատ խաղաղ բնակիչներ են վիրավորվել և տանջալից մահ ընդունել այնտեղ քիմիական զենքի կիրառման պատճառով»:

«Տարածաշրջանում անկայունությունը ձեռնտու է միայն Իսրայելին,- շարունակել է Ռոհանին:- Եւ մենք հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ երկրների ջանքերի շնորհիվ մոտ ապագայում այնտեղ խաղաղության և կայունության ականատեսը կլինենք»:

ՄԱԿ-ի զինաթափման հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Անջելա Քեյնը այսօր ժամանել է Դամասկոս՝ երկրի ղեկավարության հետ բանակցելու և քիմիական զենքի կիրառման ենթադրյալ վայրն այցելելու թույլտվություն ստանալու նպատակով: Այդ մասին հաղորդել է «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստատեսությունը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Ո՞ւմ ես ասում Լեդի Գագա». ՀՀԿ տատին՝ քաղաքապետարանի դիմացի ցուցարարներին. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահը հաստատել է երկրի եվրոպական ինտեգրացիայի կուրսը’