‘Իրանի վրա հարձակմանը Բաքուն չի օժանդակի’

983

Ադրբեջանն Իսրայելին կամ որևէ այլ երկրի թույլ չի տա իր օդային տարածքն ու ցամաքային միջոցներն օգտագործել Իրանի կամ ցանկացած այլ երկրի վրա հարձակում գործելու նպատակով, հայտարարել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովը: «Այդ մասին նույնիսկ մտածել չարժե, չէ՞ որ Իրանի բնակչության զգալի մասն ադրբեջանցիներ են, բացի այդ՝ Ադրբեջանը ուրիշ երկրների գործերին չմիջամտելու քաղաքականություն է վարում»,- ասել է դեսպանը պակիստանյան The News-ին տված հարցազրույցում:

Նախօրեին «Ռոյթեր» գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, թե Ադրբեջանը և Իսրայելը քննարկում են Իրանի վրա հավանական հարձակման դեպքում Ադրբեջանի  տարածքում գտնվող ռազմակայանները համատեղ օգտագործելու տարբերակները: Գործակալությունը հղում էր արել ադրբեջանցի պաշտոնաթող սպաների և ռուսաստանյան հատուկ ծառայությունների իր աղբյուրներին:

Դեսպանի խոսքերով՝ Ադրբեջանը, լինելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ, չի կարող իր տարածքը տրամադրել՝ այդ կազմակերպության մեկ այլ անդամի վրա հարձակում գործելու նպատակով:  Դեսպանի հերքման մյուս փաստարկն այն է, որ Ադրբեջանի բարեկամ մի երկիր առաջարկել է  իր ֆիզիկական օգնությունը ադրբեջանական գրավյալ տարածքների հարցը լուծելու համար, սակայն «Ադրբեջանի կառավարությունը մերժել է այդ շռայլ առաջարկը, քանի որ դա կարող էր ճանապարհ բացել Ադրբեջանի տարածքն այլ պետության կողմից օգտագործելու հնարավորության առջև»:

Իսրայելի կողմից ադրբեջանական տարածքում գտնվող ավիաբազաների օգտագործման լուրը նախօրեին հերքել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և արտգործնախարարությունը:

Նախորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» հրդեհել է Եվրամիության երկրների անտառները.Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են մարդիկ հեռանում երկրից’